Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Աբովյան) հունիսի 27-ին` ժամը 10:30, տեղի կունենա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործով դատական նիստ: Դատարանը պետք է քննարկի քրեական գործով վարույթը կարճելու որոշման դեմ բերված բողոքը:
Կանանց իրավունքների կենտրոնի փոխանցմամբ, բողոքում բարձրացված հարցը, սակայն, իր լուծումը գտավ մինչեւ դատաքննությունը: Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունից տուժող կողմին տեղեկացրեցին, որ Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցչի եւ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից հունիսի 17-ին ներկայացված բողոքն ուսումնասիրվել է, եւ Գլխավոր դատախազի որոշմամբ կարճման որոշումը վերացվել է:Այսպիսով, Մարո Գուլոյանի քրեական գործի վարույթը վերաբացվելու է:
Շատ հուսադրող է այն փաստը, որ գոնե այս անգամ ՀՀ Գլխավոր դատախազությունը չանտեսեց տուժող կողմի բողոքը եւ չմերժեց նրա օրինական պահանջը: Այսքանով, սակայն, գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու երաշխիքներ դեռ չեն ստեղծվել, քանի որ դրա համար անհրաժեշտ է Մարո Գուլոյանի գործով նախաքննությունը տեղափոխել Երեւան: Տուժող կողմը եւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան շարունակելու են իրենց համատեղ պայքարն այս ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 20-ամյա Մարո Գուլոյանը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել: Սակայն պաշտոնական վարկածը եւ գործի փաստական հանգամանքները էապես հակասում են միմյանց:
Կանանց իրավունքների կենտրոնի փոխանցմամբ՝ Մարո Գուլոյանը, ով ուներ մեկ դուստր եւ մահվան պահին հղի էր երկրորդ երեխայով, մահացել է ամուսնու տանը` Կոտայքի մարզի Առինջ գյուղում:
«Մարոն մշտապես բռնությունների է ենթարկվել ամուսնու` Գեւորգ Գուլոյանի կողմից, ով խորապես տարված էր խաղամոլությամբ ու չէր աշխատում: Ըստ քրեական գործի նյութերի` Մարոն ինքնասպան է եղել լոգարանում խալաթի գոտիով կախվելու միջոցով: Գեւորգ Գուլոյանը պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է:
Գործով նախաքննությունն իրականացվել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժանմունքում, որն էլ 2013թ. ապրիլի 22-ին որոշում կայացրեց քրեական գործով վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության պատճառով (քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով)»,- ավելի վաղ հայտնել էր Կանանց իրավունքների կենտրոնը:



























