Կախված գործուղման օրերից, գրաֆիկից, երբեմն հնարավոր չէ ապահովել ավիատոմս, եթե կոնկրետ օրերի համար կոնկրետ առաջարկը չի ընդունվում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Ղամբարյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵԽԽՎ գործուղման համար աշխատակազմը յուրաքանչյուր տոմսը ձեռք էր բերել 1800 եվրոյով։
Հիշեցմանը, որ ԵԽԽՎ նստաշրջանների օրերը 1.5 ամիս առաջ արդեն հայտնի են, նա ասաց. «Ոչ անպայմանորեն։ Կոնկրետ դեպքին առարկայական կանդրադառնամ, ուղղակի պետք է մի հատ նայեմ գրաֆիկը ոնց է եղել, ինչ առաջարկներ են եղել տոմսային, որ դա է ընտրվել։ Բայց վստահաբար կարող եմ ասել՝ առնվազն երեք աղբյուրից միշտ կատարվում է հարցում և ամենաօպտիմալ տարբերակն է ընտրվում։ Այս պարագայում, քանի որ դա օպերատիվ աշխատանք է և հնարավոր չէ մեկ աղբյուրից կամ մեկից գնում է կատարել, առնվազն երեք աղբյուրից կատարվում է այդ հարցումը և ըստ դրա նվազագույն տարբերակը կամ օպտիմալ տարբերակը ընտրվում է»։
Ինչ վերաբերում է որոշ ընդդիմադիր պատգամավորների օգնականների մուտքը ԱԺ արգելելու որոշմանը, Ղամբարյանն ասաց, որ տվյալ պատգամավորները պատշաճ տեղեկացվել են իրենց օգնականների հետ հնարավոր գործողությունների վերաբերյալ։
«Նման կարգապահական վարույթ կիրառվում է նրանց նկատմամբ, որոնք ինչ-որ ձևով, տեսականորեն կամ ենթադրաբար խախտել են կարգը։ Դա կրում է ժամանակավոր բնույթ, այնքան ժամանակ, մինչև կավարտվի վարչական վարույթը և վարչական վարույթի արդյունքներով կորոշվի՝ ինչ տույժ կիրառել կամ չկիրառել տվյալ օգնականի նկատմամբ»։





























