Աբու Դաբիում ընթացող ADIPEC 2026 միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիր և նախագահ Հուսեյն Ալ Նուեյսի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ էներգիայի կուտակման համակարգերի (BESS) ներդրման ոլորտում ընկերության հնարավոր ներգրավվածության և Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցերը։
Կարևորել եմ վերականգնվող էներգետիկայի ոլորտում «AMEA Power»-ի միջազգային փորձն ու տեխնոլոգիական ներուժը՝ ընդգծելով, որ էներգիայի կուտակման համակարգերի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման, համակարգի ճկունության բարձրացման և էներգամատակարարման կայունության ապահովման տեսանկյունից։
Իր հերթին Հուսեյն Ալ Նուեյսը հետաքրքրություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության խորացման և հանրապետությունում կայուն էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները դիտարկելու հարցում:
Գործընկերոջ հետ պայմանավորվել ենք աշխատանքային քննարկումները շարունակել ընդլայնված մասնագիտական կազմով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:





























