Բանակում ինքնասպանության որոշ դեպքեր կապված են որոշակի աղանդի պատկանելու հետ։ Այս մասին նոյեմբերի 3-ին՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

«Մենք ունենք դեպքեր, երբ մարդը հակված է ինքնասպանության, նրան ինքնասպանություն են քարոզում։ Վերջին դեպքում անձի մարմնին դաջվածքներ են հայտնաբերել։ Մասնագետներն ու հոգեբաններն ասում են, որ նման դաջվածքներ անում են ինքնասպանության հակված մարդիկ», — ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այս հարցը խիստ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից։ ՔԿ նախագահը նաև հայտնել է, որ տվյալ դեպքի առնչությամբ դիմել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։

«Համապատասխան գործընթացներ կսկսվեն, և առաջիկայում հանրությանը կտեղեկացնենք քննության արդյունքների մասին։ Նման մի քանի դեպք կա», — հավելեց Քննչական կոմիտեի նախագահը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել էր պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Տիգրան Ստեփանյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով քննություն է ընթանում։ Տիգրանը Գեղարքունիքի մարզի Սևան համայնքից էր, ապրում էր ծնողների և ավագ եղբոր հետ։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր բարձրագույն ուսումնական հաստատություն, ապա մեկնել զինվորական ծառայության։