Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են պատերազմի ավարտից հետո զորքեր ուղարկել Ուկրաինա։ Երկրում տեղակայված եվրոպական զորախմբի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում զինծառայողներին կթույլատրվի պատասխան կրակ բացել, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով արևմտյան պաշտոնյաներին։ «Սա ոչ թե հիպոթետիկ ծրագիր է, այլ իրական ուժեր, որոնք պատրաստ են օգնել Ուկրաինային»,— հայտարարել է Ուես Սթրիթինգը։ Զորախումբը կարող է Ուկրաինա ժամանել խաղաղության համաձայնագրի կնքումից արդեն մեկ ամիս անց։ Դրա համար անհրաժեշտ կլինի Կիևի պաշտոնական դիմումը։
Տեղակայմանը նախապատրաստվելու համար դաշնակիցները նոյեմբերի 9-ից 22-ը զորավարժություններ կանցկացնեն լեհական Նովա Դեմբա քաղաքի շրջանում՝ ուկրաինական սահմանից 100 կմ հեռավորության վրա։ Դրանց կմասնակցի 2800 զինծառայող, այդ թվում՝ 1100 ֆրանսիացի և 300 բրիտանացի։ Նրանք կվարժվեն զորքերի ու տեխնիկայի տեղափոխման, ստորաբաժանումների մատակարարման և պաշտպանության գործողությունների իրականացմանը։ Նախապատրաստմանը կմասնակցի ընդհանուր առմամբ 11 երկիր։ Տասը երկիր Լեհաստանում կանցկացնի ցամաքային և օդային զորավարժություններ, իսկ Թուրքիան առանձին զորավարժություններ կկազմակերպի Սև ծովի ականազերծման ուղղությամբ։
Սրանք կլինեն Ուկրաինայի համար բազմազգ ուժերի (MNF-U) առաջին զորավարժությունները։ Այդ ուժերը ստեղծվել են Լոնդոնի և Փարիզի գլխավորած «ցանկացողների կոալիցիայի» շրջանակում։ «Սա ուժի ցուցադրություն չէ։ Մենք չենք պատրաստվում մկաններ ցուցադրել»,— հայտարարել է ֆրանսիացի գեներալ Արմել Դիրուն։ Նրա խոսքով՝ զինվորականները կստուգեն, թե տարբեր երկրների ստորաբաժանումները որքան արագ կարող են համատեղ աշխատանք կազմակերպել։
Սկզբում Մեծ Բրիտանիան դաշնակիցներին առաջարկում էր ձևավորել 64 հազար հոգանոց զորախումբ։ The Times-ի տվյալներով՝ դրա թվաքանակը կարող է զգալիորեն փոքր լինել։ Կիևը, սակայն, կարծում է, որ ռուսական նոր հարձակումը զսպելու համար ավելի մեծ ուժեր կպահանջվեն։
Ուկրաինայում եվրոպական ուժերը մտադիր են վերականգնել ուկրաինական բանակը, ապահովել օդային տարածքի և Սև ծովում նավագնացության անվտանգությունը։ Նրանք չեն վերահսկելու զինադադարի պահպանումը։ Զորախմբի հրամանատար, բրիտանացի գեներալ-լեյտենանտ Թոմ Բեյթմանի խոսքով՝ զորախումբը նախատեսված չէ հարձակողական գործողությունների համար։ Դրա խնդիրն Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելն է՝ ռուսական հարձակումները զսպելու նպատակով։
Մոսկվան բազմիցս դեմ է արտահայտվել Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայմանը։ Կրեմլում հայտարարել են, որ նրանց ներկայությունը կդիտարկեն որպես Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայում, իսկ օտարերկրյա զինծառայողները կարող են ռազմական թիրախներ դառնալ։ Պարբերականի աղբյուրները կարծում են, որ Մոսկվան կփորձի խոչընդոտել այդ ուժերի տեղակայմանը։ Արևմտյան մի պաշտոնյա The Times-ին հայտնել է, որ MNF-U-ի զինծառայողները պետք է պատրաստ լինեն պաշտպանվելու բոլոր սպառնալիքներից։ «Անհրաժեշտության դեպքում մենք կարձագանքենք՝ մեր ուժերի անվտանգությունն ապահովելու և առաջադրված խնդիրները կատարելու համար»,— ասել է նա։





























