Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության պետքարտուղար Սերգեյ Գլազևը ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի տարածքին հարվածներ կազմակերպելու նպատակով տիեզերական տեխնոլոգիաներ օգտագործելու մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա պնդմամբ՝ Starlink արբանյակային կապի համակարգն առանցքային դեր է խաղում Ռուսաստանի դեմ հարձակումների ուղղորդման և համակարգման գործում։

Ելույթ ունենալով եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովում՝ Գլազևը հայտարարել է տեղեկատվական-տեխնոլոգիական ոլորտի և ռազմական նպատակներով տիեզերական տարածության օգտագործման միջազգային կարգավորման անհրաժեշտության մասին։

«Ակնհայտ է, որ անհնար է համակերպվել ռազմական նպատակներով տիեզերական տարածության օգտագործման հետ։ Եկեք անկեղծորեն ընդունենք, որ ԱՄՆ-ն տիեզերքն օգտագործում է ռազմական նպատակներով՝ փաստացի Starlink համակարգի միջոցով ուղղորդելով և համակարգելով Ռուսաստանի դեմ հարվածները թե՛ երկրի տարածքի խորքում, թե՛ ռազմաճակատում», — ասել է նա։

Գլազևը նաև պնդել է, որ Starlink-ն, ըստ էության, Ռուսաստանի դեմ հարձակումների գլխավոր ուղղորդող ուժն է։