Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Իրանի հարավում գտնվող Բենդեր Խամիր քաղաքի երկնքում ամերիկյան երկու LUCAS անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Հորմոզգան նահանգում ԻՀՊԿ-ի տարածաշրջանային ստորաբաժանումը։
Հաղորդագրության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը խոցել են ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության այն ստորաբաժանումները, որոնք գործում են Իրանի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակում։
Այս հայտարարությունը հաջորդել է Իրանի օդային և ջրային տարածքներում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հետ կապված մի շարք միջադեպերի մասին հաղորդումներին։
Երկուշաբթի երեկոյան ԻՀՊԿ-ն հայտնել էր Քեշմ կղզուց հարավ ամերիկյան երկու MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին։
Իրանական կողմի պնդմամբ՝ դրանք շարքից հանվել են ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի կիրառած ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցներով։ ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ իրանցի զինվորականների կողմից գրավված՝ այս տեսակի ամերիկյան անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասել է չորսի։
Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի արևելյան հատվածի երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք որսալու և ոչնչացնելու մասին։ Կորպուսի տվյալներով՝ Իրանի կողմից խոցված նման անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասել է 55-ի։





























