Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը քիչ առաջ անձամբ է ժամանել Երեւանի ոստիկանության Կենտրոնականի բաժին, որի դիմաց հավաքված են մեծաթիվ ցուցարարներ: Երեւանի ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երիտասարդները բերման են ենթարկվել երեկ հարուցված քրեական գործի շրջանակներում, նրանք հարցաքննվել են որպես վկաներ:

Աշոտ Կարապետյանի խոսքով`  հարցաքննությունից հետո երիտասարդները հնարավորինս արագ ազատ կարձակվեն: Այս պահին ակտիվիստները գտնվում են ոստիկանության Կենտրոնական շենքի մոտ եւ պահանջում են ազատ արձակել իրենց ընկերներին:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկել է, որ ակտիվիստներից 4 հոգի հանդիպի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, բայց ցուցարարները հրաժարվել են:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից  քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղզորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ  երթեւեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսեւորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության:

Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու: 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am