«Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները այս պահին շարունակում են իրենց ակցիաները Երեւանի կենտրոնական փողոցներում (ֆոտոռեպորտաժ): Երեւանի քաղաքապետարանի մոտից նրանք երթով շարժվել են դեպի ոստիկանության Կենտրոնականի բաժին, որպեսզի ազատ արձակեն իրենց բերման ենթարկված ընկերներին:

Ակտիվիստներն ասում են, որ այսօր առավոտվանից արդեն 8-10 ակտիվիստ է բերման ենթարկվել: Ակտիվիստները ոստիկանների հետ պայմանավորվածություն են ձեռք բերվել իրենց ընկերներին ազատ արձակելու, փոխարենը խոստացել, որ չեն մոտենա ոստիկանության շենքին: Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը այս պահին ոստիկանության Կենտրոնականի բաժնում է, ակտիվիստները սպասում են նրա վերադարձին եւ պատասխանին: Նրանք անընդհատ վանկարկում են «Ազատություն»:

Ցուցարարները նաեւ հայտնեցին, որ այս պահին ոստիկանության Կենտրոնականի բաժնում են գտնվում նաեւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից  քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Այս ակցիաների առնչությամբ ոստիկանությունը հաղզորդագրություն է տարածել եւ կոչ արել հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ  երթեւեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսեւորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության:

Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am