Չեռնոբիլի ատոմակայանի մերձակայքում բնակվող շները, հնարավոր է, գենետիկորեն հարմարվել են իրենց արտասովոր կենսամիջավայրին։ Նոր հետազոտության ընթացքում նրանց ԴՆԹ-ում հայտնաբերվել են նշաններ, որոնք վկայում են, որ այս կենդանիները գենետիկորեն տարբերվում են հարևան լքված քաղաքում բնակվող շներից։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ի մերձակայքում բնակվող շների գենետիկական կառուցվածքը զգալիորեն տարբերվում է Չեռնոբիլ քաղաքում բնակվող շների գենետիկական կառուցվածքից՝ չնայած այս երկու պոպուլյացիաների միջև փոքր հեռավորությանը, գրում է IFLScience-ը։

Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի գիտնականների ղեկավարությամբ իրականացված վերջին հետազոտության շրջանակում դիտարկվել են երկու հնարավոր բացատրություններ՝ գենետիկական դրեյֆը և բնական ընտրությունը։

Գենետիկական դրեյֆը տեղի է ունենում, երբ պատահական իրադարձությունները փոխում են պոպուլյացիայի գենետիկական կառուցվածքը։ Դա հաճախ տեղի է ունենում գենետիկական «շշի վզիկի» ազդեցությունից հետո, երբ պոպուլյացիան հանկարծակի կորցնում է իր ներկայացուցիչների զգալի հատվածին, և գոյատևում են միայն սակավաթիվ առանձնյակներ։

Սկզբում այդ սցենարը հավանական էր թվում Չեռնոբիլի շների համար։ Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ ԱԷԿ-ի շրջակայքում պոպուլյացիան կրճատվել է մոտ 35–40 սերունդ առաջ, հաղորդում է «Фокус»։ Այդ ժամանակաշրջանը համընկել է 1986 թվականի աղետի և դրան հաջորդած՝ տարածքի մաքրման աշխատանքներ իրականացնող աշխատակիցների կողմից կենդանիների դուրսբերման հետ։

Սակայն հետազոտողները բնական ընտրության օգտին ավելի համոզիչ ապացույցներ են հայտնաբերել։ Ի տարբերություն գենետիկական դրեյֆի՝ այդ գործընթացը ենթադրում է որոշակի գենետիկական հատկանիշների տարածում, քանի որ դրանք կենդանիներին գոյատևման կամ բազմացման հարցում առավելություն են ընձեռում։

Այդ տարբերություններն ուսումնասիրելու համար հետազոտական խումբը տվյալներ է հավաքել Չեռնոբիլի օտարման գոտում բնակվող շների ամբողջական գենոմի վերաբերյալ։ Գիտնականներն ուսումնասիրել են 63 առանձնյակ՝ 33-ը ատոմակայանի շրջակայքից և 30-ը՝ Չեռնոբիլ քաղաքից։ Գիտնականներն այդ պոպուլյացիաները համեմատել են նաև Գալապագոսյան կղզիների շների՝ աշխարհագրորեն մեկուսացված մեկ այլ խմբի հետ։

Ստացված արդյունքները հերքել են գենետիկական դրեյֆի վարկածը։ Հետազոտողները Չեռնոբիլի երկու խմբերի պոպուլյացիաների արդյունավետ չափերի միջև էական տարբերություն չեն հայտնաբերել, ինչը վկայում է, որ էլեկտրակայանի մերձակայքում բնակվող շները գենետիկական «շշի վզիկի» արտահայտված ազդեցության չեն ենթարկվել։ Ուշագրավ է, որ Չեռնոբիլ քաղաքի շները գենետիկորեն ավելի մոտ էին Գալապագոսյան կղզիների շներին, քան ԱԷԿ-ի մերձակայքում բնակվող շներին։ Դա ցույց է տալիս, որ միայն աշխարհագրական մեկուսացմամբ հնարավոր չէ բացատրել այդ տարբերությունները։

Հետազոտողները բնական ընտրության նշաններ են հայտնաբերել ԱԷԿ-ի մերձակայքում բնակվող շների գենոմների ավելի քան 100 հատվածներում։ Այդ հատվածները կապված են քաղցկեղի զարգացման, ԴՆԹ-ի կրկնապատկման և վերականգնման, բջջային ցիկլի կարգավորման ու իմունային համակարգի գործառույթների հետ։

Նման գենետիկական փոփոխությունները կարող են վկայել ճառագայթման բարձր մակարդակ ունեցող միջավայրին հարմարվելու մասին։ Սակայն գիտնականներն ընդգծել են, որ ճառագայթահարման և հայտնաբերված տարբերությունների միջև չեն կարողացել ուղիղ կապ հաստատել։ Կենդանիների վրա կարող էին ազդել նաև ԱԷԿ-ի շրջակայքի այլ բնապահպանական գործոններ։

Ստացված արդյունքները նաև պարտադիր չեն նշանակում, որ աղետից հետո շների մոտ նոր գենետիկական հատկանիշներ են ձևավորվել։ Ինչպես նշել է նույն՝ Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանից Մեթյու Բրինը, որոշ կենդանիներ, հնարավոր է, արդեն ունեցել են գենետիկական տարբերակներ, որոնք օգնել են նրանց գոյատևել սկզբնական ճառագայթահարումից հետո։ Գիտնականի կարծիքով՝ «նրանք, որոնք կարողացել են գոյատևել սկզբնական ճառագայթահարումից հետո, գենետիկական բազմազանության հենց այդպիսի մակարդակ են ունեցել»։

Հետազոտողները նշել են, որ շների էվոլյուցիոն պատմությունը հասկանալը շարունակում է դժվար լինել՝ առանց անցյալում հավաքված կենսաբանական նմուշների և շրջակա միջավայրի աղտոտիչների մասին մանրամասն տեղեկությունների։

Ընդսմին, ստացված տվյալները վկայում են, որ ԱԷԿ-ի տարածքի շների պոպուլյացիան, հավանաբար, գենետիկական հարմարվողական փոփոխություններ է կրել մոտ 35 սերնդի ընթացքում։ Արդյոք ճառագայթումը որևէ դեր խաղացել է այս գործընթացում՝ մնում է ապագա հետազոտությունների կարևոր հարցերից մեկը։