Ռուսական զորքերը երկրորդ ամիսն անընդմեջ տարածքներ են կորցնում, հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW)։
Նշվում է, որ 2026 թվականի հոկտեմբերին ռուսական զորքերը Ուկրաինայում վերահսկողության տակ են վերցրել 139,85 քառակուսի կիլոմետր, սակայն կորցրել են 167,14 քառակուսի կիլոմետր տարածք՝ արդյունքում ունենալով 27,29 քառակուսի կիլոմետրի զուտ կորուստ։
Դա օրական միջինում կազմում է −0,88 քառակուսի կիլոմետր։
Ռուսական զորքերը հաջողությունների են հասել միայն Սումիի և Զապորոժիեի մարզերում՝ միաժամանակ տարածքներ կորցնելով ռազմաճակատի գծի մյուս բոլոր հատվածներում, ներառյալ՝ իրենց առաջնահերթ թիրախ հանդիսացող Դոնեցկի մարզում։
Նրանք հոկտեմբերին դիրքեր են կորցրել նաև այն դեպքում, երբ հաշվի է առնվում ռուսական զորքերի ներթափանցումն իրենց վերահսկողության տակ չգտնվող շրջաններ․ այդ շրջաններում զուտ կորուստները կազմել են 76,38 քառակուսի կիլոմետր, ինչն օրական միջինում կազմում է −2,46 քառակուսի կիլոմետր։
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 5,86 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով 10 բնակավայր, սակայն ուկրաինական ուժերը ռուսական զորքերին դուրս են մղել 3,24 քառակուսի կիլոմետր մակերեսով 11 բնակավայրից։





























