2027 թվականին նախատեսվում է ընդլայնել ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստացողների շրջանակը՝ դրանում ընդգրկելով մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց։ Դրա մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Ըստ նրա՝ նախատեսվում է փոխհատուցում ստացողների թիվը գրեթե կրկնապատկել՝ շուրջ 5,5 հազարից հասցնելով 11 հազարի։
«Մենք կփորձենք Խնայբանկի ավանդները վերադարձնել ավելի մեծ թվով մարդկանց։ Այժմ մենք վերադարձնում ենք մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց ավանդները։ Նախատեսում ենք նաև միանգամից ևս երկու տարով առաջ գնալ և վերադարձնել մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց ավանդները»,- ասել է Թորոսյանը։
ըստ նախարարի՝ «Ավանդներ և այլ փոխհատուցումներ» ծրագրի իրականացման համար պետբյուջեի նախագծով շուրջ 2,1 միլիարդ դրամ է նախատեսված։ Դա 2026 թվականի համար հաստատված ցուցանիշից ավելի է շուրջ 1,1 միլիարդ դրամով։





























