Լոնդոնից Սոֆիա թռչող Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով փոխել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Բուդապեշտում, Euronews-ին հայտնել են ավիաընկերությունից։
«Wizz Air-ը հաստատում է, որ Լոնդոն–Սոֆիա այսօրվա չվերթի ինքնաթիռն ուղղորդվել է Բուդապեշտ՝ վայրէջքի, թռիչքի ընթացքում ստացված պայթյունի սպառնալիքից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։
«Ինքնաթիռը փոխել է երթուղին և, անվտանգության գործող կանոնակարգերին ու ընթացակարգերին համապատասխան, բարեհաջող վայրէջք կատարել Բուդապեշտի Ֆերենց Լիստի անվան միջազգային օդանավակայանում, ապա տեղափոխվել առանձնացված կայանատեղի, որտեղ համապատասխան ծառայություններն իրականացրել են ինքնաթիռի և ուղևորների անվտանգության անհրաժեշտ ստուգումները»,- նշել են ընկերությունում։
Ավիաընկերությունը հավելել է, որ համագործակցում է իշխանությունների հետ, և որ իր համար «ուղևորների և անձնակազմի անվտանգությունը մնում է գլխավոր առաջնահերթությունը»։
Ինչպես հայտնել է Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուսին-Սենդին, տագնապի ազդանշանով օդ է բարձրացվել հունգարական Gripen ռազմական կործանիչը, որն ուղեկցել է ինքնաթիռին մինչև Բուդապեշտ։
Նա հավելել է, որ կործանիչը վերադարձել է Հունգարիայի կենտրոնական մասում գտնվող Կեչկեմետի ռազմաբազա, իսկ ոստիկանությունն իրավիճակն իր վերահսկողության տակ է վերցրել։
Թռիչքներին հետևող Flightradar24 կայքի տվյալները ցույց են տալիս, որ ինքնաթիռը թռչում էր Բոսնիա և Հերցեգովինայի վրայով, երբ փոխել է ուղղությունը դեպի Հունգարիա։




























