Գլոբալ փոփոխություններն ազդում են միջերկրածովյան էկոհամակարգերին բնորոշ սողունների՝ պտավոր մողեսների վարքագծի և շարժունակության վրա։ Այդ տեսակը՝ Պիրենեյան թերակղզու ամենախոշոր մողեսը, կարող է կորցնել ապաստարանների և սնվելու վայրերի միջև արդյունավետ տեղաշարժվելու, գիշատիչներից փրկվելու և շրջակա միջավայրի հետ փոխազդելու ունակությունը։ Նման եզրակացության են հանգել Journal of Animal Ecology հանդեսում հրապարակված հոդվածի հեղինակները, որոնք աշխատել են Բարսելոնայի համալսարանի հետազոտող Անտիգոնի Կալիոնցոպուլուի ղեկավարությամբ։
Հոդվածում նկարագրվում է, թե ինչպես է փոխվում պտավոր մողեսի վարքագիծը՝ ի պատասխան ջերմաստիճանի բարձրացման։ Դա կենսական նշանակություն ունեցող գործոն է սողունների և այլ էկտոթերմ օրգանիզմների համար, որոնք կախված են ջերմության արտաքին աղբյուրներից և չեն կարող պահպանել մարմնի ջերմաստիճանը այնպես, ինչպես կաթնասուններն ու թռչունները (էնդոթերմները)։
Ավելի տաք կլիմայի պայմաններում պտավոր մողեսների (Timon lepidus) պոպուլյացիաների հարմարվելու ունակությունը միատեսակ չի լինի. որոշ առանձնյակներ բարձր ջերմաստիճանների դեպքում ավելի մեծ դիմացկունություն և շարժունակություն են ցուցաբերում՝ մյուսների համեմատ, որոնց շարժունակությունը բարձր ջերմաստիճանների դեպքում նվազում է, և որոնք, հետևաբար, ավելի քիչ են հարմարված ծայրահեղ տաքացմանը, գրում է «Научная Россия»-ն։ «Համընդհանուր մոտեցման վրա հիմնված ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում կլիմայի փոփոխության դեմ պայքարում ավելի արդյունավետ է, քան մասնագիտացված մոտեցումները,- նշում է Բուենոս Այրեսի համալսարանի էվոլյուցիոն կենսաբանության ամբիոնի աշխատակից Անտիգոնի Կալիոնցոպուլուն։- Սակայն, թեև բարձր շարժունակությունը կարող է բազմացման և սնունդ գտնելու ավելի մեծ հնարավորություններ ընձեռել, այն միաժամանակ կապված է գիշատիչների զոհ դառնալու ավելի մեծ վտանգի հետ»։
Հետազոտությունը, որը համադրում է ֆիզիոլոգիական, վարքագծային և միկրոկլիմայական տվյալները, արդյունավետ մոտեցում է՝ կանխատեսելու համար, թե կլիմայի փոփոխությունն ինչպես կարող է ազդել էկտոթերմ օրգանիզմների տարածական և ժամանակային խորշերի վրա։ «Հետազոտության արդյունքները կարևոր են ընդհանուր առմամբ էկտոթերմ օրգանիզմների համար. մողեսներն այդ գործընթացներն ուսումնասիրելու հիանալի մոդել են, քանի որ նրանց մարմնի ջերմաստիճանն ու ֆիզիոլոգիական ցուցանիշներն անմիջականորեն կախված են շրջակա միջավայրից և ջերմաստիճանից»,- ասում է Կալիոնցոպուլուն։





























