Հնարավոր է՝ մարդկությունն արտերկրային կյանքը փնտրել է ոչ ճիշտ վայրերում։ ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալը կարծում է, որ այլմոլորակայինները կարող են թաքնվել Երկրի օվկիանոսների խորքերում՝ օգտագործելով չուսումնասիրված շրջանները՝ չհայտնաբերվելու համար։

Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) ղեկավարի նախկին պաշտոնակատար Թիմ Գալոդեթը ներկայացրել է իր տեսությունը, գրում է Daily Mail-ը։

«Եթե նրանց պետք լիներ ինչ-որ տեղ գնալ՝ որոշ ժամանակ աննկատ մնալու համար… դուք ո՞ւր կցանկանայիք գնալ։ Դուք կցանկանայիք գնալ… աշխարհի ամենաքիչ ուսումնասիրված հատվածը, իսկ դա օվկիանոսն է»,- նշել է նա։

Գալոդեթը նշել է, որ անօդաչու սարքերի, լողանների և լողացող սարքերի օգնությամբ մարդիկ ուսումնասիրել են օվկիանոսի ընդհանուր ծավալի ընդամենը մոտ 10 %-ը։ Նա միաժամանակ անդրադարձել է տեսանյութերին, որոնցում, ինչպես նշվում է, երևում է, թե ինչպես են անհայտ օբյեկտները սուզվում ջրի մեջ՝ առանց որևէ տեսանելի ալիք առաջացնելու։

«Ինձ հայտնի է ևս մեկ տեսանյութ, որում նման մի բան է պատկերված, բայց թռչնի թռիչքի բարձրությունից… այնպես որ, այո՛, նրանք կարողացել են այնպիսի բան կառուցել, որը մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե ինչպես կարելի է վերարտադրել»,- հավելել է նա։

Նախկին ծովակալը ենթադրել է նաև, որ այդ օբյեկտները կարող են հաղթահարել ձայնային պատնեշը՝ առանց ձայնային հարված առաջացնելու։ 2024 թվականին նա Կոնգրեսում ցուցմունք է տվել 2015 թվականի մի միջադեպի վերաբերյալ, որի ժամանակ, ըստ հաղորդումների, ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում ռազմական ինքնաթիռները քիչ էր մնացել բախվեին անհայտ օբյեկտների։ Ծովակալը պնդում է նաև, որ այդ իրադարձության մասին շտապ էլեկտրոնային նամակը հետագայում անհետացել է։

Մինչդեռ չբացահայտված թռչող օբյեկտների հետազոտող Սքոթ Ս. Ուորինգը հայտարարել է, որ Կանադայի Նունավուտի մերձակայքում հայտնաբերել է այլմոլորակայինների ստորջրյա բազայի մուտքը։ Նա հայտնել է, որ մակերևույթից մոտ 10 մետր խորության վրա ավելի քան 914 մետր տրամագծով առեղծվածային անցք է նկատել։

«Ես հայտնաբերել եմ այլմոլորակայինների ստորջրյա բազայի մուտքը, և այն Կանադայի հյուսիսի ամենահեռավոր շրջանում է, ուր հնարավոր է հասնել»,- հայտարարել է Ուորինգը։

Նա առաջարկել է ստորջրյա անօդաչու սարք ուղարկել՝ կասկածելի թունելն ուսումնասիրելու և այլմոլորակայինների գործունեության հնարավոր ցանկացած նշան արձանագրելու համար։

Նման հայտարարություններ է արել նաև հետախուզության նախկին աշխատակից Դևիդ Գրուշը։ 2023 թվականին նա երդման ներքո վկայել է, որ ԱՄՆ կառավարությունն ունեցել է գաղտնի ծրագրեր՝ կապված ոչ մարդկային ծագման տիեզերական սարքերի առգրավման և հակադարձ նախագծման հետ։

Այս ամսվա սկզբին Գրուշը պատմել է, որ պետական պաշտոնյաները տեղյակ են եղել ստորջրյա հսկայական օբյեկտի մասին, որը, ինչպես նշվում է, օգտագործել են այլմոլորակայինների տիեզերանավերը, գրում է «Фокус»-ը։ «Որոշակի վայրերում, անկասկած, ինչ-որ գործող բազա գոյություն ունի։ Այն մեծ է։ Չգիտեմ՝ երբ է այնտեղ հայտնվել… Մի քանի քաղաքային թաղամաս զբաղեցնող համալիրի նման մի բան է»,- նշել է նա։

Գրուշը պնդում է, որ իր տեղեկությունները քաղված են գաղտնի փաստաթղթերից, տեսագրություններից և կառավարական ու ռազմական շրջանակների ներսից տեղեկություններ հաղորդող անձանց ցուցմունքներից։

Սակայն ամերիկացի զինվորականներն ու Սպիտակ տունը պնդում են, որ որևէ նյութական ապացույց չի հաստատում, որ ՉԹՕ-ներն արտերկրային տիեզերական սարքեր են։ Օվկիանոսը շարունակում է մեծ մասամբ չուսումնասիրված մնալ, սակայն այն հարցը՝ արդյոք դրա խորքերում թաքնվա՞ծ է հայտնի ծովային կյանքից դուրս որևէ բան, դեռ բաց է մնում։