Բրիտանացի ճանապարհորդ Դեյվ Բելն ավարտել է միայնակ թիավարելով անցումը Խաղաղ և Հնդկական օվկիանոսներով՝ 327 օր և 16 ժամում հաղթահարելով 15,5 հազար ծովային մղոն (մոտ 28,7 հազար կմ)։ Դրա մասին ТАСС-ի թղթակցին հայտնել են նրա շահերը ներկայացնող PR գործակալությունից։
54-ամյա նախկին ծովային հետևակայինը ճանապարհ է ընկել 2025 թվականի նոյեմբերի 9-ին Պերուից և հոկտեմբերի 2-ին հասել է Քենիայի ափ՝ Կիլիֆի քաղաքի մոտակայքում։ Բելը ճանապարհորդել է 8,3 մետրանոց ածխածնային նավակով, որը կոչվում է Billy No Mates։ Ռեկորդ սահմանելու փորձի պայմաններով նա չէր կարող ափ դուրս գալ կամ այլ մարդկանցից ֆիզիկական օգնություն ստանալ։
Նպատակին հասնելու համար Բելն օրական 12 ժամ թիավարել է՝ մեն-մենակ իր ուսերին վերցնելով նավարկության, սննդի պատրաստման, ի հայտ եկող բոլոր խնդիրների լուծման, ներառյալ՝ վերանորոգման հարցերը։ Նա ստիպված է եղել երեք անգամ վերանորոգել ղեկը։
«Ես այնքան ուրախ եմ վերադառնալ [ընկերուհուս] Ջորջիի մոտ։ Չեմ կարող սպասել այն պահին, երբ կխմեմ գարեջուր, կընդունեմ իմ կյանքի ամենաերկար ցնցուղը և լավ կքնեմ սովորական անկողնում», - հայտնել է ճանապարհորդը։ Բացի ռեկորդից, որը, ինչպես հույս ունի Բելը, պաշտոնապես կճանաչվի, նա ավելի քան 112 հազար ֆունտ ստեռլինգի նվիրատվություններ է հավաքել բարեգործական կազմակերպության համար, որն օգնում է զինծառայողներին, վետերաններին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև արտակարգ ծառայությունների աշխատակիցներին, որոնք սթրես են տարել և դրա հետ կապված դժվարություններ են ունենում։
Ինչպես ավելի վաղ գրել էր The Times պարբերականը, նախորդ ռեկորդը, որը, ըստ ամենայնի, Բելը գերազանցել է, պատկանում է ամերիկացի Ջեյքոբ Ադորամին։ 2019 թվականին վերջինս հաղթահարել է 6140 ծովային մղոն (11,37 հազար կմ)՝ մեկնարկելով ԱՄՆ-ի Նեա-Բեյից և ավարտելով ավստրալական Քերնսի մոտ գտնվող լողափում։ Խաղաղ օվկիանոսն արևելքից արևմուտք հատելու համար նրանից պահանջվել է 335 օր, 22 ժամ և 30 րոպե։





























