Կաշալոտների խումբը բախվել է 16 մետրանոց զբոսանավին, որի վրա եղել է չորս մարդ՝ երկու ավստրալացի, մեկ նորզելանդացի և մեկ ֆրանսիացի, Խաղաղ օվկիանոսի հարավային հեռավոր հատվածում՝ Նորֆոլք կղզուց հյուսիս (գտնվում է Ավստրալիայի, Նոր Կալեդոնիայի և Նոր Զելանդիայի միջև)։
Ինչպես հայտնել է New York Post (NYP) թերթը, տուժածների վկայությամբ՝ կաշալոտների հարձակումը տեղի է ունեցել գիշերը։ Ղեկի մոտ կանգնած Ջեմմա Քուփերի խոսքով՝ խուլ հարվածից հետո առագաստանավը շպրտվել է մի կողմ։ Այնուհետև նա նկատել է նավին հետապնդող կաշալոտի՝ վեցից ութ առանձնյակից բաղկացած խմբի կազմում։
Հզոր հարվածներից հետո աջակողմյան ղեկային մեխանիզմը ջարդվել է, և զբոսանավում սկսել է ջուր լցվել։ Կորպուսում միանգամից մի քանի անցք է առաջացել, ապակեպլաստե կառուցվածքը ճաքեր է տվել, ասել է նավում գտնվող ֆրանսիացի Մարտեն Ժոֆրեն, որը սուզվել է նավի տակ՝ կորպուսը զննելու համար, և օգնել է մյուսներին ձեռքի տակ եղած միջոցներով փակել անցքերը։
Շաբաթ օրը Նոր Զելանդիայի ժամանակով ժամը 13:00-ին անձնակազմը աղետի ազդանշան է տվել։ Հասկանալով, որ նավը դատապարտված է, կիրակի գիշեր չորս ուղևորները տեղափոխվել են փրկարարական լաստանավ։ Նրանք կտրել են լաստն ու զբոսանավը միացնող պարանը՝ վախենալով, որ խորտակվող նավն իրենց էլ իր հետ կտանի։
18 ժամ անց ծովագնացներին փրկել է 143 մետրանոց MV Sofrana Surville կոնտեյներակիրը։ Անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։ Նրանք բարձրացել են նավի տախտակամած։
Ինչպես հայտարարել է փրկարարական գործողությունների համակարգման կենտրոնի ղեկավար Մայք Քլուլոուն, «փրկարարական աշխատանքները լավ էին համակարգված»։ Նա բարձր է գնահատել զբոսանավի անձնակազմի և փրկարարների գործողությունները։ Նրանք գործել են «բացարձակապես ճիշտ», իսկ վթարային ռադիոփարոսի (EPIRB) ժամանակին ակտիվացումը առանցքային դեր է խաղացել նրանց փրկության գործում, հավելել է Քլուլոուն։




























