Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ձերբակալել է 10 մարդու, որոնք կասկածվում են ծայրահեղական խումբ ստեղծելու, այն ղեկավարելու և դրա գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու և կրոնական թշնամանք հրահրելու մեջ, հայտնել են կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Ըստ քննության վարկածի՝ հանցավոր խմբի անդամները նպատակ են ունեցել բռնի կերպով փոխել սահմանադրական կարգի հիմքերը Ղազախստանի արևմտյան շրջանում։ Գործով անցնող անձանց բնակության վայրերում կատարված խուզարկությունների ընթացքում առգրավվել են հրազեն, թմրանյութեր, կրոնական պարագաներ, գրականություն և այլ իրեղեն ապացույցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Բացի դրանից, կասեցվել է նրանց ստեղծած՝ երեխաների և դեռահասների համար նախատեսված երեք ընդհատակյա ուսումնական կենտրոնների գործունեությունը։
«Խմբավորման մի շարք անդամներ նախկինում դատապարտված են եղել ահաբեկչական և ընդհանուր քրեական հանցագործություններ կատարելու համար»,- հավելել են կոմիտեում։





























