Այս փուլում ուսումնասիրում ենք ներմուծվող կաթնամթերքը, իսկ մսամթերքի շուկայի ուսումնասիրությունը կիրականացնենք հաջորդ փուլում՝ միաժամանակ երկու ուղղությամբ, և տեղական, և ներմուծված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար։ Ձեր շնորհիվ կարողացանք մեկնարկել մեր նոր՝ անկախ հետազոտությունների նախագիծը և ուսումնասիրել կաթնամթերքի հայկական շուկան։
Սկսում ենք հաջորդ փուլը։
Նախապես տեղեկացրել էինք, որ մեր հաջորդ ուսումնասիրության առարկան լինելու է մսամթերքի շուկան։ Սակայն հանրային արձագանքի վերլուծությունը ցույց է տալիս, որ կա նաև ներմուծվող կաթնամթերքի ուսումնասիրության անհրաժեշտություն։
Մեր նպատակը որևէ արտադրողի կամ ներմուծողի վնասելը չէ։ Մեր նպատակը սպառողի շահերի պաշտպանությունն է, շուկայում առկա ռիսկերի բացահայտումը և հանրությանը հավաստի տեղեկատվություն տրամադրելը։ Ձևավորել պրոակտիվ սպառողի ինստիտուտը, երբ սպառողն ինքն է որոշում ու ինքն է պատվերն իջեցնում, թե ինչը ստուգվի:
Մեզ համար տեղական արտադրողի զարգացումն ու պաշտպանությունը կարևոր նշանակություն ունեն, սակայն դա չպետք է իրականացվի ներմուծվող արտադրանքի հաշվին։ Միևնույն ժամանակ, ներմուծվող արտադրանքը չպետք է որևէ արտոնություն ունենա տեղականի նկատմամբ։ Բոլորը պետք է գնահատվեն նույն չափանիշներով և նույն պահանջներով։
Այս փուլում ուսումնասիրում ենք ներմուծվող կաթնամթերքը, իսկ մսամթերքի շուկայի ուսումնասիրությունը կիրականացնենք հաջորդ փուլում՝ միաժամանակ երկու ուղղությամբ, և տեղական, և ներմուծված։
Դե ինչ, համարենք ուսումնասիրության երկրորդ փուլը բացված: Ուսումնասիրություն, որի պատվիրատուն ու նպատակը հստակ են՝ հասարակությունն ու հանրային շահը։
Այս անգամ ևս ունեցեք Ձեր մասնակցությունը՝ կիսվելով գրառմամբ և փորձաքննության իրականացման համար նվիրաբերություն կատարելով «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հաշվեհամարին («Կոնվերս Բանկ» ՓԲԸ,
Հ/Հ՝ 1930049946310100)»։





























