Նոյեմբերի 3-ից Ռուսաստանում խստացվում է միգրացիայի ոլորտում խախտումների համար պատասխանատվությունը։ Դրա մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից։
Օրենքը կրկնապատկում է վարչական իրավախախտումների այն կազմերի ցանկը, որոնց կատարման համար օտարերկրացիները ենթակա են վարչական վտարման։ Որպես պատժամիջոց վտարում նախատեսող հոդվածների ընդհանուր թիվը հասել է 45-ի։
Դրանց թվում են, մասնավորապես, մանր խուլիգանությունը, հանրային միջոցառումների անցկացման կանոնների խախտումը, ոստիկանության աշխատակցի օրինական կարգադրությանը չենթարկվելը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վարկաբեկումը։
Ընդլայնվել է այն իրավախախտումների ցանկը, որոնց կատարման դեպքում վտարումը չի կարող փոխարինվել վարչական պատժի այլ տեսակներով։
Դրանում ներառվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված վարչական իրավախախտումները։
Դաշնային օրենքով բարձրացվել են միգրացիայի ոլորտում իրավախախտումներ կատարելու համար ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվող վարչական տուգանքների նվազագույն և առավելագույն չափերը։





























