Ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ արձակվեցին բերման ենթարկված եւս չորս ակտիվիստներ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Քիչ առաջ ազատ են արձակվել ilur.am-ի ֆոտոթղթակից Սարգիս Գեւորգյանը, ՀԱԿ վարչության անդամ Արեգ Գեւորգյանը, ակտիվիստներ Վիլեն Գաբրիելյանը (սոցցանցերում հայտնի է որպես «Նավակ ճոճողը») եւ Շանթ Գրիգորյանը:

Արեգ եւ Սարգիս Գեւորգյանները հայտնեցին, որ իրենց մեղադրում են ՔՕ-ի  316-րդ եւ185-րդ հոդվածի հատկանիշներով, գործում ներգրավված են որպես կասկածյալներ, սակայն հրաժարվել են որեւէ ցումունք, բացատրություն տալ` նշելով, որ այս ամենը ապօրինի գործողություններ են: Սարգիսի ուսին նկատելի էին բռնության հետքեր, ինչը երիտասարդի մեկնաբանմամբ` բռնի ուժով բերման ենթարկելու արդյունք է:

Գեւորգյաններին բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտից. երբ պահանջում էին իրենց ընկերներին ազատ արձակել:  Իսկ Վիլեն Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն երեկվա միջադեպերի հետ կապված գործում ներգրավել են որպես վկա, սակայն ինքը որեւէ բռնություն չի կիրառել: Նրան բերման են ենթարկել քաղաքապետարանի մոտից:

Ակտիվիստներից Շանթ Գրիգորյանն էլ ասաց, որ իրեն սկզբից տարել էին Մալաթիայի ոստիկանության բաժին, որտեղից տեղափոխել են Կենտրոնի բաժին, նրան ներգրավել են որպես կասկածյալ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ դուրս եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հայտնեց, որ հանդիպել է բաժնի պետի հետ, որը ներկայացրել է, թե ինչի համար են երիտասարդներին բերման ենթարկել: Պատգամավորը հավելեց, որ այս պահին բերման ենթարկված ակտիվիստներից որեւէ մեկին ձերբակալելու կամ ազատազրկելու խնդիր չկա: