Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, թե նստացույցի մասնակիցների պահանջները պաշտոնանկությունների վերաբերյալ անհիմն են, քանի որ, իր կարծիքով, քաղաքապետարանում «իրենց աշխատանքը նորմալ կատարում են»: Քաղաքապետն այդ մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
«Այն աշխատակիցները, որոնք իրենց աշխատանքը նորմալ չեն կատարի, բնականաբար կազատեմ, բայց այդ մարդիկ իրենց աշխատանքը նորմալ կատարում են: Եթե երեք-չորս հոգի հավաքվում են, ձեր հրաժարականը պահանջում են, մյուսի, մյուսի, նորմա՞լ եք համարում: Էս նման պահանջներին ժողովուրդն այդքան էլ կողմնակից չէ, հարցրեք ժողովրդին»,- նշել է նա՝ անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակիցների հրաժարականի պահանջին:
Խոսելով տրանսպորտի գների բարձրացման հնարավորության մասին, Մարգարյանը նշել է, թե քննարկումներ են գնում: «Եթե ուզում ենք ունենալ, անպայման պետք է քննարկենք, եթե չենք ուզում նորմալ տրանսպորտ, պետք է մնա նույն վիճակում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ արդեն 11-րդ օրն է, ինչ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի առջեւ նստացույց են կազմակերպել եւ ի թիվս այլոց, որպես առաջնային խնդիր նշվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջը:











