Հարավային Ֆլորիդայի բնակիչ 12-ամյա Զահարի Ռեյնան կյանքի համար վտանգավոր հիվանդությամբ է վարակվել: Տղան պայքարում է ուղեղում հայտնված պորտաբույծի դեմ, որով վարակվել է մինչեւ ծնկները առվի մեջ խաղալու ժամանակ:

Հիվանդության ախտանշանները հայտնաբերել է հիվանդի եղբայր Բրենդոն Վիլյառեալը, երբ նկատել է, որ Զահարին սկսել է չափից ավելի շատ քնել: Սկզբում բժիշկները հայտարարել են, որ տղայի քնկոտությունը բացատրվում է սովորական մրսածությամբ, սակայն Զահարին շարունակել է օրերով քնել: Տղային տեղափոխել են Մայամիի հիվանդանոց, որտեղ նրան սարսափելի հիվանդություն են ախտորոշել: Նրա մոտ ախտորոշել են առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ: Այս հիվանդությունը համարվում է շատ հազվադեպ հանդիպող մահացու հիվանդություն: Ներկայումս երեխան գտնվում է Մայամիի մանկական հիվանդանոցում, որտեղ նրան գլխուղեղի բարդ վիրահատության են ենթարկել, հաղորդում է Life News-ը: