Google որոնիչի գլխավոր էջում օգոստոսի 22-ին հերթական «տոնական» լոգոտիպն է հայտնվել՝ 1862թ. օգոստոսի 22-ին ծնված ֆրանսիացի ամենահայտնի երգահաններից մեկին՝ Կլոդ Դեբյուսիին նվիրված անիմացիոն տեսահոլովակ։

Դեբյուսին ծնվել է 1862թ. օգոստոսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն ան Լե բնակավայրում։ Երաժշտական կրթություն է ստացել Փարիզի կոնսերվատորիայում  (1872-1884)։ Ավարտելուց հետո Հռոմեական մրցանակ  է ստացել  («Անառակ որդին» կանտատայի համար),  1885-86թթ. որպես կրթաթոշակ ստացող ուսանող ապրել է Հռոմում: 1887թ. վերադարձել է Փարիզ,  մտերմացել սիմվոլիզմի եւ իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ բանաստեղծների եւ նկարիչների մի խմբի հետ, որը գլխավորում էր Մալարմեն: Կյանքի վերջին տարիներին բազմաթիվ համերգներով է հանդես է եկել Անգլիայում, Իտալիայում, Ռուսաստանում՝ գլխավորապես սեփական ստեղծագործություններով: Նա մահացել է Փարիզում՝ 55 տարեկան հասակում:

Այս երգահանի երաժշտությունը իմպրեսիոնիզմի շարքից է։ Նա ինքն այս եզրույթը երբեք չէր սիրում։ Դեբյուսին երաժշտության մեջ միահյուսում էր ակնթարթային տպավորությունները, մարդկային զգացմունքների եւ բնության երեւույթների նրբագույն երանգները։

Դեբյուսիի ամենահայտնի ստեղծագործություններից է «Պելեաս եւ Մելիզանդա» օպերան, որում երաժշտության եւ արարի լիակատար միաձուլում է։