41-բրիտանացի զբոսաշրջիկ Պիտեր Մեյնը հրաշքով ողջ է մնացել Ալիկանտե նահանգի Բենիդորմ շրջանում իսպանական ավանդական փառատոնի ժամանակ ցուլի հարձակումից հետո: Բրիտանացին հայտնվել է ցուլի կոտոշների վրա` քաղաքի փողոցներում հատուկ արգելապատնեշներով փակ հատվածներում անցկացվող ցլավազքի ժամանակ:

«Հայրս պարզապես լուսանկարվելու համար դիրքավորվել էր, նա ցուլին չի նկատել, սակայն վերջինս անսպասելի հարձակվել է», - պատմել է տուժածի դուստր Հաննան:

Ցուլը Մեյնին օդ է հանել,  այնուհետեւ սկսել պոզահարել գետնին տապալված տղամարդուն: Վազքի մի քանի մասնակիցներ փորձել են  շեղել ցուլի ուշադրությունը եւ նույնիսկ կենդանու պոչից են քաշել:  Պիտերին հաջողվել է փրկել, երբ ցուլը նրան սեղմել է մետաղական արգելապատնեշին, որի արանքներից ականատեսները զոհին  տարել են անվտանգ վայր:  Պիտերին 150 կար են դրել, հայտնում է Life News-ը:

Չնայած որ Պիտերը ցուլի հարձակմանը ենթարկվել է օգոստոսի 6-ին, իսպանացի բժիշկները մինչ օրս նրան թույլ չեն տալիս լքել հիվանդանոցը եւ նրա դուրս գրելու վերաբերյալ կանխատեսումներ չեն անում: