Իտալուհի Քրիստինա Զենատոն, որը հայտնի է որպես «շնաձկներ հմայող», գիշատիչներից մեկին ազատել է կոկորդում մնացած ձկնորսական կարթի կեռիկից: Դայվերն ու գործընկերները սուզվել են Բահամյան կղզիների մերձափնյա ջրերում, որտեղ նրանց անմիջապես շրջապատել են խութերի շնաձկները:
Երկմետրանոց գիշատիչներից մեկի երախից կախված են եղել ձկնորսական կարթի մնացորդներ: Կենդանուն օգնելու համար՝ 42-ամյա Զենատոն վտանգել է իր կյանքը եւ մինչեւ արմունկը ձեռքը մտցրել շնաձկան երախը:
Իրեն մի փոքր պաշտպանելու համար՝ Զենատոն նախապես մի քանի րոպե շոյել է շնաձկան գլուխը` նրան յուրօրինակ տրանսի վիճակի բերելով: Ես 15 րոպե ունեի, քանի դեռ նա ուշքի չէր եկել», - պատմել է Զենատոն: Գործողությունը հաջող է անցել: Շնաձուկն իր փրկչին կծելու փորձ նույնիսկ չի արել, հայտնում է Life News-ը:
Կրիստինա Զենատոն շնաձկների հետ աշխատում է արդեն 20 տարի: Նա Բահամյան կղզիներում գլխավորում է ստորջրյա ուսումնասիրությունների միությունը եւ հաճախ է դառնում փաստագրական հեռուստանախագծերի հերոսուհի:











