Nissan ընկերությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենահզոր քարշամեքենա-ամենագնացի արտադրող: Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժայի օդանավակայանում Nissan Patrol-ը կարողացել է ցուցադրել իր կարողությունները ՝ քարշակելով թռիչքի պատրաստ Իլ-76-ը:
Nissan Patrol-ը ոչ միայն տեղից պոկել է 155 տ կշռող օդանավը, այլեւ քաշել իր հետեւից 50 մետր: Այս ձեռքբերումը նախորդ ռեկորդը գերազանցել է 15 տոննայով, որը 2007թ. սահմանել էր VW Touareg-ը: Այն ժամանակ գերմանական ամենագնացը քարշակել էր 140 տոննա կշռող Boeing 747-ը, հաղորդում է «Ավտոռամբլերը»:
Միակ փոփոխությունը, որին ենթարկվել է Nissan Patrol-ը, համապատասխան ամրությամբ նոր քարշակման օղակի տեղադրումն է:
Մնացած առումներով ամենագնացը միանգամայն սերիական է: Ռեկորդը սահմանել է բենզինային Patrol-ը, որը հագեցած է 5,6 լ ծավալով ութցիլինդրանի շարժիչով: Շարժիչը կառավարվում է յոթնաստիճան ավտոմատ փոխանցման տուփով:











