Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ռիո դե-Ժանեյրոյի եկեղեցիներից մեկում. իրավապահ մարմինների աշխատակիցը հանցագործին ձերբակալելու ժամանակ հրաշքով փրկվել է մահից:
Անզեն սպան ճարպկություն եւ վարպետություն է ցուցաբերել, երբ ատրճանակով հանցագործը հարձակվել է նրա վրա: Պարզվել է, որ չարագործը ցանկացել է թալանել նրան՝ ընդունելով որպես հասարակ հավատացյալի:
«Չարաբաստիկ օրը հանգստյան օր էր ինձ համար»,- հայտնել է բրազիլացին. «Սկզբում երիտասարդը ինձ տապալեց գետնին: Այնուհետեւ այն պահին, երբ ես փորձեցի նրա ձեռքից խլել ատրճանակը, երկու անգամ սեղմեց ձգանը: Բարեբախտաբար, ես ճիշտ ժամանակին արձագանքեցի»:
Կարճատեւ ընդհարումից հետո հանցագործը շտապել է լքել մարտի դաշտը:
Իրավապահների պարզաբանմամբ, իշխանության ներկայացուցչի եւ հանցագործի բախումը ոչ ավել, քան երկու րոպե է տեւել: Ինքը՝ ոստիկանության սպան, խոստովանել է, որ այդ կարճ ժամանակահատվածում իսկական սարսափ է վերապրել:
Իրավապահներին հաջողվել է պարզել հանցագործի ինքնությունը՝ տեսագրող սարքի ձայնագրության հիման վրա, որը տեղադրված է եկեղեցում:
«32-ամյա հանցագործը Անդերսոն Լեոնարդո Սանտոս Ագուերն է, ով այս շաբաթ կալանավորվել է»,- ոստիկանությունում մեկնաբանել են իրավիճակը:-«Այս պահին նա ոստիկանության բաժանմունքում է»:
Այն բանից հետո, երբ տեսանյութը հրապարակայնացվել էր YouTube կայքում, ինտերնետի օգտատերերը նշել են, որ այդ տեսագրությունը կարող է ուսուցանող նյութ հանդիսանալ ոստիկանի մասնագիտական վարպետությամբ հետաքրքրվողների համար:











