Funny or Die կայքում դերասանուհի Ալիսա Միլանոյի մասնակցությամբ «էրոտիկ տեսանյութ» վերնագրված հոլովակը իրականում ինտերնետից օգտվողներին պատմել է Սիրիայի իրադրության մասին: Այն միլիոնից ավելի դիտում է ունեցել:
Տեսանյութը հրապարակվել է սեպտեմբերի 3-ին: Սյուժեում Ալիսա Միլանոն իրեն եւ զուգընկերոջը նկարահանում է ձեռքի տեսախցիկով: Տեսախցիկը մահճակալի դիմաց տեղադրելով՝ զույգն իբրեւ թե անզգուշաբար դիպչում է դրան, ինչից հետո կադրում հայտնվում է հեռուստացույց, որով Սիրիայի մասին պատմող հաղորդում է ցուցադրվում: Հաղորդավարը բացատրում է Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառները, պատմում է սուննիների եւ ալավիների միջկրոնական պայքարի մասին: Նա նաեւ խոսում է «Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից քիմիական զենք կիրառելու մասին»: Հաղորդավարը խոսքն ավարտում է նրանով, որ ամերիկացիները սպասում են Կոնգրեսի որոշմանը, որը պետք է վճռի՝ ԱՄՆ-ն հարվածելո՞ւ է Սիրիային, թե ոչ, հայտնում է lenta.ru-ն:
Ալիսա Միլանոն իր միկրոբլոգում տեսանյութի հղումն է տեղադրել՝ հետեւյալ խոսքերով. «Չգիտեմ ինչ ասել: Ինքս դրան հղում կտամ, որպեսզի գոնե ինչ-որ մեկը վերահսկի տեղի ունեցածը»: Mother Jones կայքի հետ զրույցում դերասանուհին հայտնել է, որ դրանով ցանկացել է ուշադրություն հրավիրել կարեւոր խնդիրների վրա, որոնց այսօր բախվում է Ամերիկան:











