ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի արդյունքները: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա հիշեցրեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ՀՀ պետք է իր հարաբերությունները խորացնի ռազմավարական դաշնակցի հետ:
«Մաքսային միությանը միանալը բխում է մեր շահերից: Եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ այս հայտարարության մեջ որեւէ սենսացիոն բան պետք չէ փնտրել, քանի որ տարիներ շարունակ հստակ նշել ենք, որ Եվրասիական միությանը անդամագրվելը մեզ համար շատ կարեւոր է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե մինչեւ Սերժ Սարգսյանի մեկնելը, ՀՀԿ-ում տեղյա՞կ են եղել, որ նման հայտարարություն է լինելու, ՀՀԿ մամուլի քարտուղարն արձագանքեց. «ՀՀԿ-ն բազմիցս քննարկել է, որ ՀՀ-ն պետք է լայնացնի հարաբերությունները Եվրասիական գործընկերների հետ»:
Հարցին, թե հնարավո՞ր է, հասարակության ճնշման արդյունքում, Մաքսային միությանը միանալու փաստաթուղթը չստորագրվի, Շարմազանովը պատասխանեց, որ հասարակական գլոբալ ճնշում չի տեսնում եւ հավելեց, որ այդ համաձայնագիրը բխում է մեր պետության շահերից: «Բա բազմակարծություն է, մարդիկ կարող են նաեւ բողոքել»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:











