ԱՄՆ-ում արդեն 12-րդ անգամ հիշատակում են 2001թ սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերին: Ողբերգությունը, որի արդյունքում զոհվել էր մոտ 3 հազար մարդ, շրջադարձային է դարձել ԱՄՆ ներքին եւ միջազգային քաղաքականության հարցում:
Զոհերի ընտանիքների, փրկարարների մասնակցությամբ միջոցառումներ տեղի կունենան ազգային հուշահամալիրում, որը բացվել է ողբերգության 10-րդ տարելիցի կապակցությամբ: Երերկոյան դեպի երկինք կխոյանան լույսի երկու ճառագայթներ՝ երկվորյակ երկնաքերերը խորհրդանշող: Դրանք կանհետանան լուսաբացին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ 2001թ սեպտեմբերի 11-ին «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության մահապարտ-ահաբեկիչները 4 ուղեւորափոխադրող օդանավերից երկուսն ուղղել էին գործարար Նյու Յորքի խորհրդանիշ հանդիսացող երկվորյակ երկնաքերերի ուղղությամբ: Մյուս երկուսն ուղղվել էին դեպի Պենտագոն, կամ, հնարավոր է, Սպիտակ տուն: Բացի վերջինից, մյուս օդանավերը հասել էին իրենց նպատակակետին: Այդ օրը ահաբեկչության զոհ էր դարձել 2974 մարդ, անհայտ կորած է համարվում եւս 24-ը: Համարվում է, որ այդ ընթացքում զոհվել է նաեւ 19 ահաբեկիչ:
Ահաբեկչություններին մասնակցելու կասկածանքով 6 կասկածյալ է ձերբակալվել, որոնք ներկայումս Կուբայում ամերիկյան «Գուանտանամո» բազայում են:











