Հնդկաստանում դատարանը սեպտեմբերի 13-ին է տեղափոխել ուսանողուհու խմբակային բռնաբարության աղմկահարույց գործի չորս մեղադրյալների դատավճռի ընթերցումը:

Գործազուրկ Մուկեշ Սինգհը, մարզասրահի մարզիչ Վինայ Շարման, մրգավաճառ  Փավան Գուպտան եւ ավտոբուսներ մաքրող Աքշայ Թաքուրը սեպտեմբերի 10-ին մեղավոր էին ճանաչվել մեղադրականի բոլոր 13 կետերով, այդ թվում՝ խմբակային բռնաբարության, մահափորձի, ապացույցների վերացման մեջ:

Դելիի ավտոբուսում ուսանողուհուն բռնաբարած անձանց մեղավոր են ճանաչել

Դատավորը հայտնել էր, որ նրանց գործողությունները նախօրոք ծրագրված են եղել, եւ նրանք ցանկացել են սպանել իրենց զոհին: Հնդկական լրատվամիջոցները դատավճիռը կայացնելուց հետո առաջին անգամ հրապարակել են մեղադրյալների լուսանկարները:

Սեպտեմբերի 11-ին դատարանը լսել է մեղադրող կողմի  եւ պաշտպանության փաստարկները: Մեղադրող կողմը մահապատիժ է պահանջել՝ հայտնելով, որ խոսքը «նախօրոք ծրագրված հանցագործության մասին է (երբ հնարավոր է առավելագույն պատժաչափ)»: Փաստաբանները խնդրել են մեղադրյալներին դատապարտել ցմահ ազատազրկման, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուսանողուհի Ջոթի Սինգհը դաժան բռնաբարության էր ենթարկվել  անցյալ տարվա դեկտեմբերին, մի քանի օր անց աղջիկը վախճանվել էր: