Նյու-Յորքում սկսվել են սգո միջոցառումներ՝ նվիրված սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 12-րդ տարելիցին: Նախագահ Բարաք Օբաման տեղական ժամանակով 08:46-ին(հենց այդ ժամանակ ծայրահեղականների կողմից առեւանգված 4 ինքնաթիռներից առաջինը բախվեց Համաշխարհային առեւտրի կենտրոնի շենքին) Սպիտակ տանը մեկ րոպե լռությամբ հարգել է ողբերգության զոհերի հիշատակը:
Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հիշատակի լռության րոպեի ընթացքում նախագահի կողքին են գտնվել երկրի առաջին տիկին Միշել Օբաման, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը տիկնոջ հետ, Սպիտակ տան աշխատակիցներ:
Ավելի ուշ վարչակազմի ղեկավարը կայցելի Պենտագոն, որտեղ կընթանա ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Կմասնակցեն երկրի ռազմական ղեկավարությունը, ինչպես նաեւ զոհերի հարազատները:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», լռության մեկ րոպե անցկացվել է տեղական ժամանակով 9:03-ին, որ Համաշխարհային առեւտրի կենտրոնի շենքին է բախվել երկրորդ ինքնաթիռը: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, զոհերի հիշատակը եւս չորս րոպե լռությամբ կհարգեն: Դրանցից երկուսը կկայանան այն ժամանակ, երբ փլուզվել են «երկվորյակ» շենքերից յուրաքանչյուրը:
Եւս երկու լռության րոպե կնշվեն այն ժամանակ, երբ հարձակում գործեցին Պենտագոնի վրա, եւ երբ ահաբեկիչների կողմից առեւանգված ինքնաթիռը Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտակայքում վթարի ենթարկվեց:











