Բրիտանիայի Դեւոն կոմսության Սիդմութ քաղաքի բնակիչները ապշել են՝ երկնքում հրեշտակ տեսնելով:
Բնակիչ Յան Ուիլյամսի խոսքով՝ ինքը գործ էր անում հայրական տան խորդանոցում, երբ հանկարծ երկնքում հրեշտակի տեսքով ամպ է տեսել: «Ես իսկույն վերցրի լուսանկարչական ապարատը եւ բարեբախտաբար կարողացա մի քանի անգամ նկարել՝ նախքան ամպի ցրվելը: Այդ պատկերը ապշեցուցիչ նման էր հրեշտակի՝ արձակված մազերով, երկարաթեւ հագուստով», - պատմել է բրիտանացին:
Ուիլյամսն այս տարի հրեշտակ տեսած առաջին մարդը չէ, նշում է vesti.ru-ն: Ավելի վաղ, մինչ Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսը պատրաստվում էր Վատիկանում իր առաջին ելույթին, Ֆլորիդայի բնակիչը հայտարարել էր, որ հրեշտակի տեսքով ամպ է տեսել: Համացանցից օգտվողներից մեկը վերցրել էր այդ ամպի լուսանկարները եւ համակարգչային ծրագրի օգնությամբ ցույց տվել, որ ամպն իրոք շատ նման է աստվածային սուրհանդակի:











