Ամերիկյան Քոլորադո նահանգում երեք մարդ է զոհվել ջրհեղեղի հետեւանքով, որի պատճառ են դարձել արդեն մի քանի օր անընդհատ շարունակվող տեղատարափ անձրեւները:
Ջրի վարար հեղեղը արմատախիլ է արել ծառերը, շրջել եւ քշել տարել մեքենաները: Քաղաքի իշխանությունները ստիպված փակել են հիմնական ավտոմայրուղիները: Շատ ճանապարհներ ամբողջությամբ ջրածածկ են, որոշ շրջաններում սողանքներ են սկսվել: Ամենաշատը տուժել են ժայռոտ սարերի լանջին գտնվող բնակավայրերը: Տասնյակ տներ ավերվել են: Բնակիչներին տարհանում են աղետյալ գոտուց, հայտնում է ՆՏՎ-ն:
«ՌԻԱ Նովոստին» AP-ը վկայակոչելով տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Քոլորադո նահանգում արտակարգ դրություն է հայտարարել: Հինգշաբթի օրը Բոուլդեր քաղաքի իշխանությունները մոտ 400 ուսանողների են տարհանել Կոլորադոյի համալսարանից: ABC հեռուստաալիքը հայտնում է, որ եղանակի կարգավորում առայժմ չի սպասվում:











