Ավստրիայի հատուկջոկատայինները գրոհով ներխուժել են Աննաբերգում գտնվող տուն, որտեղ պատսպարվել էր չորս մարդու սպանած մի որսագող: Տուն ներխուժելուց հետո` հատուկջոկատայինները թաքստոց-սենյակում հայտնաբերել են տղամարդու այրված դի: Ենթադրվում է, որ դա երկիրը լարվածության մեջ պահած տղամարդու դին է: Հայտնաբերված մարմնի ինքնությունը պարզելու համար մի քանի օր կպահանջվի:
Այս պատմությունը սկսվել էր սեպտեմբերի 17-ի գիշերը, երբ ոստիկանությունը փորձել էր ձերբակալել վաղուց որոնվող մի որսագողի: Կասկածյալ 55-ամյա Ալոիզ Հուբերն ուներ օրինական գրանցած վեց զենք, ուներ նաեւ որսի թույլտվություն, սակայն միայն մանր կենդանիների համար, այնինչ վերջինս եղջերուների որսով էր զբաղվում: Վերջին ժամանակներս Աննաբերգի շրջակայքի անտառներում հայտնաբերում էին գլխատված եղջերուներ:
Կասկածյալը մեքենայով էր եղել, երբ կանգնեցրել էր ոստիկանությունը: Ոստիկանները փորձել են բռնել նրան, սակայն որսագողը կրակ էր բացել, սպանել երկու ոստիկանի եւ շտապօգնության բժշկին: Ոստիկանության մեկ աշխատակցի էլ պատանդ էր վերցրել եւ ոստիկանական մեքենայով սլացել իր ագարակ:
Ավելի ուշ պատանդ վերցված ոստիկանին նույնպես սպանված էին գտել: Այսպիսով, խելագար որսորդի զոհերի թիվը հասել էր չորս մարդու:
Հանցագործը թաքնվել էր իր ագարակում եւ պատսպարվել տանը: Հատուկջոկատայինները շրջափակել էին տունը, Աննաբերգ էին ուղարկել զրահատեխնիկա եւ զինվորականների:
Երկար տեւած փոխհրաձգությունից հետո` վճռել էին գրոհով մտնել տուն, հայտնում է «Կոմոմոլսկայա պրավդան»: Որոշ ժամանակ հանցագործը կրակոցներ է արձակել, իսկ հետո դադարել: Նա այրել է տունը, այնուհետեւ ինքնասպան եղել: Հրդեհը հաջողվել է արագ մարել: Ոստիկանները մի քանի ժամ խուզարկել են տունը, մինչեւ որ հայտնաբերել են դիակը:











