Պետք է ոչ Մաքսային միություն գնանք, ոչ Եվրամիություն, որովհետեւ Եվրամիություն մտնելով մեզ կստիպեն մտնել Մաքսային միություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատություն» կուսակցության ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ հավելելով. Արտաքին քաղաքականության մեջ միակն եմ եղել, որ ասել եմ, ինչ անում ենք, պետք է անեք հանրաքվեով»:
«Սերժը ասում էր՝ գնանք Եվրոպա, Րաֆֆին՝ ճանաչենք ԼՂՀ-ի անկախությունը եւ գնանք Եվրոպա, լիբերալ Բագրատյանն ասում էր՝ պետք չէ Մաքսային միությունը, պետք չէ Եվրոպան, ռուսն այստեղ զորք ունի։ Ռուսատանի դուրը չի գալիս դավաճանությունը, ռուսները հազար անգամ ասել են՝ մենք ձեր համբալը չենք, մենք գանք ձեր սահմանը պահենք, դուք գնաք Եվրոպա տնտեսական հաճույքների»,- նշեց նա:
Նա շեշտեց, որ Եվրոպային պետք է ասել, որ մեզ մոտ ռազմական բազա կա, Եվրամիություն մտնելով՝ այդպես մենք գրգռելու ենք ռուսներին, «եթե չսկսեինք բանակցությունները Եվրոպայի հետ, ապա չէինք մտնի Մաքսային միության»։
«Ոչ մի ճնշում չի եղել. մինչեւ գարուն, ռուսները սուսուփուս հետեւել են, մերոնք էլ սխալ անալիզներ էին անում, ԱԺՄ-ական ոճի, թե բա դա մեզ չի վերաբերելու։ Երբ մայիսի 26-ին ինձ ասացին. «Մի քիչ կջղայանան, կանցնի», ասացի. «Այ տղա, էստեղ ռուսական բազա կա, դուք խաղ եք անում։ Դուք Հայաստանը պարզապես դնում եք տանկի թրթուրի տակ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ զարմանում է, թե ինչ մեծ է Վազգեն Մանուկյանի եւ Տիգրան Սարգսյանի ազդեցությունը Սերժ Սարգսյանի վրա։
Նա նաեւ նշեց, որ 50 տարի մենք հարաբերություն չենք ունենա Եվրոպայի հետ, ռուսների մոտ էլ արդեն տպավորություն ունենք, որ ցանկացած պահի կարող ենք գցել։ Միեւնույն ժամանակ, պատգամավորն ասաց, որ Մաքսային միություն մտնելու համար Եվրոպան մեզ չի պատժի, «Եվրոպան երբեք Հայաստանին չի պատժի, դա անիմաստ է, Եվրոպային որեւէ օգուտ չի տա»։











