«Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում այլմոլորակայիններ են գործում»,- այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Մաշտոցի պուրակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը՝ անդրադառնալով ԱԺ հարցուպատասխանին վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե «Ծածկած շուկայի» խնդիրը լուծելու համար Մշակույթի նախարարությունում եւ քաղաքապետարանում եղել են դեբատներ, բուռն քննարկումներ եւ որ որոշում կընդունվի հաշվի առնելով օրենսդրությամբ սահմանված բոլոր խնդիրները:

«Նրանց գործունեությունը հնարավոր չի ֆիքսել, հնարավոր չի պատժել, այլ հնարավոր է միայն քննարկումներ անել, որոնց արդյունքում երևա, որ Հայաստանում պետական կառավարման բոլոր մարմինները չեն գործում, անգործունյա են»:

Նրա խոսքով՝ «Ծածկած շուկայի» հարցը միջազգայնացվում է, հոկտեմբերի 1-2-ին տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պիկոմոս» կազմակերպության կոմիտեի նիստը, որը զբաղվում է համաշխարհային պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերով: «Հայաստանի կողմից կոմիտեի փոխնախագահն էր Նունե Չիլինգարյանը, և նա հատուկ նամակ է հղել ղեկավարությանը, և դիմել է, որպեսզի այդ կազմակերպությունը նամակով դիմի Հայաստանի պատկան մարմիններին, որպեսզի իրենք սկսեն զբաղվել «Ծածկած շուկայի» հարցով»,- տեղեկացրեց Գարեգին Չուքասզյանը:

Հոկտեմբերի 9-ից «Նախախորհրդարանը» կսկսի ավելի ակտիվ պայքարել հուշարձանը փրկելու ուղղությամբ: Կլինեն ամենօրյա բողոքի ակցիաներ, տարբեր միջոցառումներ: Ակտիվիստները հայտարարեցին, որ նույնիսկ շուկայի բացումը չի կանգնեցնելու իրենց:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am