ԱՄՆ-ի հայտնի «Ինդիանապոլիս-500» ավտոմրցարշավի թեքսասյան փուլի ժամանակ լուրջ վթար է տեղի ունեցել, որից տուժել է 14 մարդ, այդ թվում՝ մրցարշավի եռակի հաղթող Դարիո Ֆրանկիտին:
Մայրուղու եզրագծի հատվածում 40-ամյա շոտլանդացու մեքենան բախվել է ճապոնացի մրցարշավորդ Տակումա Սատոյի մեքենային: Ուժեղ հարվածից Ֆրանկիտիի մեքենան օդ է թռել եւ բախվել պատնեշին:
Մրցարշավորդը տեղափոխվել է հիվանդանոց` մեջքի եւ ոտքերի վնասվածքներով: Նրա վիճակը բժիշկները վտանգավոոր չեն համարում: Ֆրանկիտիից բացի տուժել են նաեւ 13 հանդիսատեսներ, որոնցից երկուսին նույնպես հիվանդանոց են տեղափոխել, հայտնում է vesti.ru-ն:
Երկու տարի առաջ ողբերգությամբ էր ավարտվել մրցաշավի լասվեգասյան փուլը: 300կմ/ժ արագությամբ բախվել էին 15 մեքենաներ: Վթարից զոհվել էր «Ինդիանապոլիս-500»-ի կրկնակի հաղթող, բրիտանացի հայտնի մրցարշավորդ Դեն Ուելդոնը: Եվս մի քանի մրցարշավորդ լուրջ վնասվածքներ էին ստացել:











