Շախմատի Հայաստանի հավաքականը, չնայած ուժեղ մրցակիցներին, մարտական է տրամադրված Եվրոպայի և Աշխարհի թիմային առաջնություններին ընդառաջ և մեծ ակնկալիքներ ունի։

Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, Աշխարհի թիմային առաջնության հաղթող Լեւոն Արոնյանը NEWS.am-ին ասաց, որ եթե երկու մրցաշարում էլ եռյակ մտնեն, դա արդեն լավ արդյունք կարելի է համարել. «Բայց ես միայն ուրախ կլինեմ, եթե կարողանանք երկու մրցաշարում էլ կրենք: Մենք փորձում ենք հաղթող դուրս գալ, մենք ուրիշ բանի մասին չենք մտածում»։

Աշխարհի թիմային առաջնությունն անցկացվելու է Թուրքիայում։ Հիշեցնենք, որ 2012թ. հենց Ստամբուլում Հայաստանի հավաքականը երրորդ անգամ դարձավ Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն։ «Կարծում եմ՝ այս անգամ էլ լավ կստացվի։ Մենք սիրում ենք խաղալ Թուրքիայում»,- ասաց Արոնյանը։ 

«Մենք Թուրքիայում շատ ենք հաջողություններ ունեցել: Այնպես որ, կարելի է ասել, մեզ համար հոգեբանական խնդիր չկա: Տեսնենք, այս անգամ ոնց կստացվի»,- NEWS.am-ին ասաց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Հայաստանի հավաքականը կանցկացնի երկու մրցաշար: Կանանց և տղամարդկանց հավաքականները նոյեմբերի 8-17-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կմասնակցեն շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը: Իսկ նոյեմբերի  24-ից մինչև դեկտեմբերի 6-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում տղամարդկանց հավաքականը կմասնակցի Շախմատի աշխարհի թիմային առաջնությանը: