Նոյեմբերի 18-ին Թաթարստանում սուգ են հայտարարել Կազանի օդանավակայանում Boeing 737-500 օդանավի ավիավթարի զոհերի հիշատակին: Հանրապետության տարածքում խոնարհվել են պետական դրոշները, հեռուստառադիոընկերություններին հրահանգվել է հետաձգել ժամանցային հաղորդումները:
Ավիավթարի հետեւանքով զոհվել է 50 մարդ: Զոհերից մեկը Թաթարստանի նախագահի որդի Իրեկ Մինիխանովն է: Երիտասարդը տուն էր վերադառնում մենակ, նա իր հղի կնոջն արգելել էր ուղեկցել իրեն: Զույգն ամուսնացել էր օգոստոսին: Ողբերգության զոհ են դարձել նաեւ մարզական մեկնաբան Ռոման Սկվորցովի կինը` Էլինան, եւ 11-ամյա դուստրը: Կազան էր վերադառնում նաեւ Թաթարստանի ԱԴԾ-ի վարչության պետ Ալեքսանդր Անտոնովը:
Մարդիկ Կազանի օդանավակայան ծաղիկներ են տանում, սոցցանցերը ողողված են ցավակցական հաղորդագրություններով, հայտնում է rbc-ն:
Իրենց ցավակցությունն արդեն հայտնել են Ռուսաստանի փոխվարչապետներ Դմիտրի Ռոգոզինը եւ Արկադի Դվորկովիչը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ նախագահ Վլադիմիր Պուտինը:
NEWS.am-ն ավելի վա հայտնել էր, որ նոյեմբերի 17-ին «Թաթարստան» ավիաընկերության Մոսկվայի Դոմոդեդովոյից մեկնած Boeing 737 ուղեւորատար օդանավը վթարի էր ենթարկվել Կազանի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Նախնական վարկածը անձնակազմի սխալն է:
Վայրէջքի ժամանակ օդանավը փորձել էր երկրորդ պտույտ կատարել, սակայն կորցրել էր բարձրությունը եւ բախվել գետնին: Այն բռնկվել էր, եւ բենզոբաքերում վառելիքը պայթել էր:











