Վերաքննիչ քրեական դատարանում նոյեմբերի 25-ին Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով ներկայացված վերաքննիչ բողոքների քննության ժամանակ Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար 14 տարվա ազատազարկման դատապարտված Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ բանականությունից դուրս է, որևէ հիմնավորում չկա, որ Պարույր Հայրիկյանի դեմ ինքն ինչ-որ բան է ունեցել: «Ութ ամիս բանտում մնալուց հետո ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ դատարանը կարդարացնի ինձ, կմասնակցեմ հաջորդ նախագահական ընտրություններին, և չորրորդ նախագահը լինելու եմ ես, անկախ ամեն ինչից»,-ասաց ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը:
Նա հիշեցրեց, որ ինքն է առաջինն ասել, որ Հայաստանը պիտի միանա Մաքսային միությանը, բայց այն ժամանակ քաղաքագետները հեգնանքով ընդունեցին իր հայտարարությունը: Սեդրակյանն ասաց, որ միանում է Պարույր Հայրիկյանի հայտարարությանը և պահանջում է, որ Ալեքսանդր Աբրահամյանին և Էդուարդ Աբրահամյանին կանչեն դատարան և հարցաքննեն: «Ինձ համար նույնպես շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչ պայմաններում է ինձ տվել 100 հազար դոլար»,-ասաց Վարդան Սեդրակյանը: Սեդրակյանը նաև պահանջեց հարցում կատարել Կենտրոնական բանկից և իմանալ՝ արդյոք իրեն փոխանցել են 100 հազար դոլար, թե ոչ:
Վարդան Սեդրակյանի փաստաբան Սիրունյանն ասաց, որ հնարավոր չէր, որ միայն «դիլխոր չեք մնա» ասելով Սեդրակյան իր «հանցակիցներին» ուղարկեր մարդ սպանելու: «Առանց դրդապատճառի, առանց նպատակի, առանց պատշաճ դրդելու, առանց ստիպելու, առանց կազմակերպչական աշխատանքի, առանց գին պայմանավորվելու և այն վճարելու, դիլխոր չեք մնա ասելով Վարդան Սեդրակյանը հանձնարարել է սպանել ոչ ավել, ոչ պակաս Պարույր Հայրիկյանին, հեռու չգնալու համար նա հանձնարարել է գործը իր դիմացի հարևանին, հավանաբար, որ բացահայտելը հեշտ լինի»,-ասաց պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։
Սիրունյանը ավելացրեց, որ դեպքից հետո էլ Վարդան Սեդրակյանը չի հեռացրել հանրապետությունից հանցագործներին, երևի այն նպատակով, որ իրավապահների գործը չդժվարեցնի. «Եվ Պողոսյանին էլ չի ասում՝ նագանը տար, գցի, մի պահի տանը»։ Ալեքսանդր Սիրունյանը ասաց, որ Սեդրակյանը կապ չունի այս գործի հետ, պետք է վճիռը բեկանել և Սեդրակյանին արդարացնել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 25-ին Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի վերաքննիչ բողոքը: Պաշտպանը խնդրում էր Վերաքննիչ քրեական դատարանից բեկանել Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2013թ. սեպտեմբերի 23-ին կայացրած դատավճիռը, որով Սեդրակյանը մեղավոր էր ճանաչվել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պատվիրելու համար եւ դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։











