Ֆրանսիական հայտնի Canal+ Sport սպորտային հեռուստաալիքը օրերս ցուցադրել է սյուժե, որը բավականին տհաճ է ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամոդովի եւ ոչ միայն նրա համար: Հատկանշական է, որ սյուժեի մասին հաղորդագրությունը հրապարակել է նաեւ ադրբեջանական մամուլը, մասնավորապես՝ haqqin.az-ը:
Մամեդովի անձի հանդեպ ֆրանսիական հեռուստաալիքի հետաքրքրության պատճառը նրա կողմից ֆրանսիական «Lans» ակումբը եւ այլ ֆուտբոլային հայտնի նախագծերը գնելն է եղել:
Ադրբեջանցի օլիգարխը համաձայնել է հարցազրույց տալ հեռուստաալիքի՝ Բաքու ժամանած թղթակիցներին: Վերջիններիս նա ընդունել է իր տանը, ցույց է տվել իր կալվածքները, գովաբանել է լողավազանը, թանկարժեք գինով է հյուրասիրել: Իսկ հանդիպման վերջում նա թղթակիցների թանկարժեք ժամացույցներ է նվիրել՝ 16 000 եվրո արժողությամբ:
Սակայն կաշառքը չի գործել, ու ռեպորտաժում օլիգարխի ու երկրի իշխանությունների հասցեին տհաճ մեկնաբանություններ ու արտահայտություններ են հնչում:
Սյուժեն ուղեկցվում է մռայլ երաժշտությամբ, լրագրողները գնում են նավթային հարթակ, որտեղ թեեւ առանց տեսախցիկի, սակայն միացրած ձայնագրիչի միջոցով հայտնի է դառնում, թե ինչպես է այնտեղ աշխատողներից մեկը պատմում, որ ոչինչ չիկարող խոստովանել այդ երկրի մասին, քանի որ վտանգավոր է:
Ռեպորտաժում նշվում է, թե խոսքի ազատության վարկանիշում Ադրբեջանը ինչ անբարենպաստ հորիզոնականներում է հայտնվել՝ հիշեցնելով, որ նախագահական ընտրությունները արդյունքների մասին «հայտարարվել է» դրանից թերեւս օրեր առաջ: Նշվում է նաեւ, որ օլիգարխը խոստովանել է. «Ադրբեջանը գոյություն ունի ընդամենը քսան տարի»:
Եզրափակելով ռեպորտաժը՝ հեղինակը նշում է, որ թղթակիցները չէին կարող ընդունել օլիգարխի թանկարժեք նվեր-ժամացույցները ու մտադիր են վաճառել դրանք աճուրդի ժամանակ, իսկ հասույթը տրամադրել բարեգործությանը:











