Եթե Տերմինաբանական կոմիտեն գործի, ամեն քնից արթնացող բառ չի հորինի։ Այս մասին նոյեմբերի 26-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը՝ նշելով, որ լեզուն այսօր աղավաղվում է ամեն քայլափոխին, առանց Տերմինաբանական կոմիտեի հաստատման ստեղծվում են նոր բառեր, որոնք նույնիսկ հայտնվում են դասագրքերում։
«Մի քանի օր առաջ սրճարաններից մեկում պատվիրեցի, որպեսզի ինձ հարթամիս հյուրասիրեն, մտածում էի՝ երեւի հորթամիս ա, կանչեցի մատուցողին, պարզվեց, որ լանգետը հայերեն թարգմանել են հարթամիս, այսինքն՝ հարթեցված միս։ Եվ այդպիսի բազմաթիվ բաներ, որոնք այսօր համացանցերում, ճաշացանկերում են հայտնվում։ Ի՞նչ է նշանակում՝ «ֆլոմաստերը» հայերեն թարգմանել են թախկագրիչ, դեռ մտել է դպրոցական դասագիրք»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ ամեն մեկն իր համար տերմին է ստեղծում ու դնում գործածության մեջ։
«Ով քնից արթնանում է, կարողանում է նոր բառ ստեղծել, իր ուզած սխալներով ցուցանակը գրել ու փակցնել: Ամբողջ քաղաքում շրջում ես՝ մի տեղ «օփեն» է, մի տեղ «փեթրոլ», մի տեղ «հոթել» է, մի տեղ էլ «մոթել»: Խի ի՞նչ է՝ մենք հայկական բառեր չունե՞նք»,- ասաց Լավրենտի Միրզոյանը:
Մյուս կողմից, ըստ Միրզոյանի, կան Տերմինաբանական կոմիտեի կողմից հաստատված տերմիններ, որոնք պետք է գրվեն Հայաստան ներմուծվող եւ արտահանվող ապրանքների վրա. «Եթե մենք կորժիկը արտահանենք կամ ներմուծենք Հայաստան՝ պետք է անպայման դիմացը գրենք՝ նգանակ: Կամ վաֆլի ենք ներմուծելու, պետք է գրենք փրփրահացիկ, որն որ այսօր ընդունելի չէ»,- նշեց լեզվաբանը:
Լեզվաբանի կարծիքով՝ նման խնդիրներ չեն առաջանա, եթե գործի Տերմինաբանական կոմիտեն: Նա իշխանություններին խնդրեց Տերմինաբանական կոմիտեին տալ հատուկ կարգավիճակ, որի որոշումները պարտադիր ուժ կունենան։











