Շենգավիթ վարչական շրջանի Շևչենկո և Չեխով փողոցների խաչմերուկում իրականացվող շինարարությունն ապօրինի է և չի համապատասխանում քաղաքաշինական չափանիշներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Շևչենկո 7 և Չեխովի 12 շենքերի բնակիչները:

Բնակիչների պատմելով՝ հոկտեմբերի 10-ից «Արթուր և Տիգրան» ՍՊԸ-ն սկսել է ապասարկման կետի շինարարությունը 122 քմ տարածքում: Նախկինում այստեղ փոքրիկ տաղավար է եղել, որը, ինչպես Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է գրել բնակիչներին ուղղված պատասխան նամակում, «իր արտաքին տեսքով հարիր չէ օրեցօր բարեկարգվող և գեղեցկացող մեր մայրաքաղաքին»:

Բնակիչների խոսքով` այս շինարարությունն իրականացվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի և գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հովանավորությամբ:

Տիկին Օվսաննան ասաց, որ փոշմանում է, որ ընտրություններից առաջ Տարոն Մարգարյանի օգտին ձայներ է հավաքել. «Ակտիվիստ եմ եղել, ու իրա համար շատ լավ աշխատել եմ ու էսօրվա դրությամբ փոշմանել եմ: Էսօրվա դրությամբ ափսոսում եմ, որ իրա համար աշխատել եմ: Եթե կազմակերպենք, մոտը մտնենք, ասելու եմ՝ ամոթ ա, ջահել մարդ ես, մի հատ վիճակդ նայի, անհարմար չե՞ս զգում ` էսքան անեծքի տակ ես ընկնում»,-  ասաց տիկին Օվսաննան:

Կառուցվող շինությունը, բնակիչների ունեցած նախնական տվյալներով, ունենալու է 6 մ բարձրություն և փակելու է Շևչենկո 7 շենքի առաջին երեք հարկերի լույսը: Բացի այդ, շենք մտնող մեքենաների տեսադաշտն ամբողջությամբ փակվում է, ինչն անխուսափելիորեն բերելու է վթարների ու վրաերթերի։

Շինարարարություն իրականացնելու համար բանվորները կտրել են մայթի մի քանի հաստաբուն ծառերը, իսկ մեկը թողել հենց ավազի ու ցեմենտի մեջ: «Ուզում ես ասես՝ արի հլը այ գեղեցիկ Տարոն Մարգարյան , այ ջահե'լ, էս ջահել ծառը ուտել ե՞ս տալիս, ամոթ ա էլի, իսկականից ամոթ ա»,- բորբոքված ասաց տիկին Օվսաննան: