Աճեմյան փողոցի 2-րդ փակուղու սեփական տների բնակիչները բողոքում են իրենց հարևանությամբ՝ Արցախի 7 հասցեում կառուցապատող Վարշամ Գալոյանի սկսած շինարության դեմ, որի հետևանքով մոտ 3 ամիս է՝ 150 տնտեսություն զրկված է միակ ընդհանուր օգտագործման ճանապարհից:

 «Մենք ունեցել ենք ազատ տարածք, և երեխաների խաղալու, և ամեն ինչի: Հիմա ճանապարհ չունենք, ոչ շտապ օգնությունը, ոչ հրշեջ մեքենան չեն կարա գան: Մեզ խաբելով բերեցին սարքեցին, ասեցին՝ ձեզ կտանք խաղադաշտ, ձեզ կտանք ճանապարհ, ոչ մի բան էլ չտվեցին, հիմա էլ եկել, ասում են՝ տղու տեղ ա, խաբինք, թռանք: Ինքը մեզ ստորագրություն տվեց, որ ես վերջում տալու եմ ձեր տարածքը, բայց վերջում եկավ՝ ասեց, տղու խոսք էր, խաբել եմ բոլորիդ»,- NEWS.am-ին ասաց բնակիչներից Սիրուշ Սարգսյանը:

 Նոյեմբերի 25-ին բնակիչները դուրս են եկել բողոքի, երբ տեսել են, թե ինչպես են շինարարները փորձում հիմնասյուներ տեղադրել շինհրապարակի այն հատվածում, որտեղ կառուցապատողը խոստացել էր խաղահրապարակ կառուցել: Բնակիչները քանդել են շինհրապարակի հարակից տարածքում շինարարների համար կառուցված ժամանակավոր զուգարանը, պահանջել, որ շինարարությունը կասեցվի:

Կառուցապատողը երկու տարի առաջ բազմահարկի շինարարություն է սկսել Արցախի 7 հասցեում, և ամիսներ առաջ դրա հարևանությամբ երկրորդ շենքը կառուցելու նպատակով կառուցապատողը համաձայնության է եկել բնակիչների հետ, որ շինարարության համար ժամանակավորապես քանդելու է երեք ու կես մետր լայնությամբ ընդհանուր օգտագործման ճանապարհը և շինարարության ավարտին այն բնակչությանն է վերադարձնելու ՝ ավելացնելով ևս կես մետր: Սեպտեմբերի 3-ից ճանապարհը քանդած է, իսկ բնակիչներն այլևս չեն հավատում, որ այն նախկին չափով կվերադարձվի իրենց:

«Սյուներն էնպես է տեղադրել, որ հազիվ մի երեք մետր ճանապարհ մնա մեզ: Ով ուզում ա ըլնի, հաստատ չի սարքելու: Թեկուզ շշով, թեկուզ ամեն ինչով ջարդելու ենք»,- բողոքեց Սերգեյ Հարությունյանը:

Արդեն երկու օր է՝ քաղաքապետարանը ժամանակավորապես կասեցրել է շինարարությունը: Բնակիչները պատմում են, որ կառուցապատողները երկար ժամանակ է տարածքում չեն երևացել, միայն գաղտնի գալիս են թաղամասի «տղամարդկանց կանչում հաշիվներ պարզելու»: