Հայաստանի դիրքորոշումը հստակ է և պայմանավորված չէ, այլ պետությունների քաղաքականությամբ, Հայաստանը իրականացնում է քաղաքականություն, որը բխում է բացառապես ՀՀ պետական շահերից։  Այս մասին նոյեմբերի 27-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո  լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ դիրքորոշում է որդեգրել Հայաստանը ԵՄ-ի հետ հետագա համագործակցության հարցում՝ հաշվի առնելով այն, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ թեև այսօրվա իրավիճակում ստիպված են դադարեցնել ասոցացման գործընթացը, բայց հետագայում անպայման գնալու են դեպի եվրաինտեգրում։

«Հայաստանի նախագահի այցը Վիլնյուս խոսում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է շարունակել քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ, իսկ ՌԴ նախագահի պետական այցը Հայաստան խոսում է այն կարևորագույն փաստի մասին,  որ Հայաստանը շարունակելու է խորացնել իր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը։

Նրա խոսքով, ըստ ամենայնի, Վինյուսում կընդունվի Եվրամիություն-Հայաստան համատեղ հայտարարություն, որում կարձանագրվեն Հայաստանում իրականացված բարեփոխումները, և այդ հայտարարությունից կբխի այն, որ Հայաստանը կշարունակի քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ։

Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը լիարժեք ըմբռնում ունի թե Բրյուսելում, և թե Մոսկվայում։

Անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի այն հայտարարություներին, որ Սերժ Սարգսյանը Վիլնյուս է գնում` ստորագրելու ձևական դեկլարատիվ բնույթի փաստաթուղթ Էդուարդ Շարմազանովը ասաց. «Երևի այդ ընդդիմադիրները քնելու առիթ չի տալիս այն հանգամանքը, որ նրանք հայտնվել են քաղաքական պրոցեսների լուսանցքում և հիմա պատրաստ են յուրաքանչյուր բան վատաբանել»։

Շարմազանովի խոսքով՝ Հայաստանը երբեք չի հրաժարվել ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը։ Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 3-ին  Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսայանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ։