Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքից ընդդեմ Մաքսային միության բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիական ակտիվիստները բաժանվել են տարբեր խմբերի ու շարժվել դեպի Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր, մի մասն էլ գնացել են ոստիկանական բաժիններ, որոնք բերման են ենթարկվել բողոքի ակցիայի ժամանակ։
Մի խումբը Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի առաջնորդությամբ շարժվել է Հյուսիսային պողոտայով, սակայն Ազատության հրապարակ չհասած՝ նրանց ճանապարհը փակել են ոստիկանները եւ թույլ չեն տվել առաջ շարժվել։
Ցուցարարների մյուս կեսը՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ղեկավարությամբ այս պահին գտնվում է Հանրապետության հրապարակում, որտեղ նույնպես ոստիկանները պատ կազմած՝ արգելափակել են նրանց տեղաշարժը։
Զարուհի Փոստանջյանը փորձ է արել Բուզանդի փողոցով շարժվել դեպի նախագահի նստավայր: Ոստիկանները շարունակել են ուղեկցել նրանց՝ Մաշտոցի պուրակի մերձակայքում նորից փակելով ճանապարը:
Փոստանջյանը երկրորդ անգամ զանգահարել է ոստիկանության լրատվության բաժին, որպեսզի տեղեկանա՝ ինչ հիմքով են սահմանափակում իրենց տեղաշարժվելու իրավունքը, սակայն կրկին որեւէ պարզաբանում չի ստացել։ Զարուհի Փոստանջյանը զանգահարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որը խոստացել է պարզաբանումներ տալ համապատասխան տեղեկություն ստանալուն պես։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ Զարուհի Փոստանջյանի մոտ գտնվող ոստիկաններից մեկին զանգահարել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ կարգադրելով Զարուհուն ուղեկցել մինչեւ Հյուսիսային պողոտա։ Զարուհին Փոստանջյանն այժմ շարժվում է դեպի Հյուսիային պողոտա։











