Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի դեմ պայքարող քաղաքացիները եւ ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների՝ ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն, ԲՀԿ, ներկայացուցիչներ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները դեկտեմբերի 17-ին ժամը 12։30-ից հավաքվում են Ազատության հրապարակում, որտեղից երթով գնալու են Սահմանադրական դատարան՝ ընթերցելու իրենց հայտարարության տեքստն ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների եւ հայտարարությունը հանձնելու ՍԴ-ին։ (ֆոտոռեպորտաժ)
Երթն սկսելուց առաջ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ողջունեց նախաձեռնության շուրջ չորս խմբակցությունների միավորվելու փաստը եւ վստահություն հայտնեց, որ իրենք հաղթելու են Սահմանադրական դատարանում։
«ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՍԴ-ին հանձնելու են հայտարարություն, որով պահանջելու են, որ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի սահմանադրականությունը վիճարկող հայցով դատական նիստերը հանրային լինեն, եւ որ 2014թ. հունվարի 1-ից կասեցվի օրենքի կիրառումը։
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքն իրեն համարում է ռեալիստ քաղաքական գործիչ, եւ, հետեւաբար, ակնկալիք չունի Սահմանադրական դատարանից, սակայն սա իրավական միակ ձեւն է պայքարելու այս օրենքի դեմ։
«Դեմ եմ», «Ստոպ» գրությամբ պաստառների թիվը Ազատության հրապարակում գնալով ավելանում է։ NEWS.am-ի լրագրողը հաղորդում է, որ այս պահին Ազատության հրապարակում մոտ 600-700 մարդ կա։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, նախօրեին ՍԴ-ին ուղղված դիմում-բողոքը հանձնել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի 24 ժամվա ընթացքում ԱԺ-ն այն հանձնի ՍԴ-ին:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը ՍԴ-ում կվիճարկեն Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Մերի Խաչատրյանը:














