ArmeniaToday կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը եւ նրա փաստաբանները դեկտեմբերի 19-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում բոյկոտեցին օգոստոսի 1-ին ոստիկանների կողմից բռնությամբ բերման ենթարկվելու եւ ոստիկանությունում երեք ժամից ավելի ապօրինի պահվելու վերաբերյալ Կիվիրյանի հայցով դատական նիստը, քանի որ դատավոր Գագիկ Պողոսյանը ապօրինաբար լրագրողներին արգելեց տեսանկարահանել նիստի ընթացքը։
Դատական նիստը սկսվեց 20 րոպե ուշացումով։ Դատավորը առանց կողմերին հարցնելու եւ առանց պատճառաբանության լրագրողներին արգելեց նկարահանել դատական նիստը։
Կիվիրյանն ու իր փաստաբանները բողոքեցին, որ լրագրողներն իրավունք ունեն լուսաբանել դռնբաց ցանկացած դատական նիստ։ Հայտարարվեց ընդմիջում, որի ընթացքում Կիվիրյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը միայն մի դեպքում իրավունք ունի արգելել, եթե կասկածյալը չի ցանկանում նկարահանվել։
Դատը վերսկսվեց, լրագրողները կրկին մտան դահլիճ եւ սկսեցին նկարահանել, դատավոր Գագիկ Պողոսյանը նորից ընդհատեց նիստը՝ ասելով, որ կամ լրագրողները կենթարկվեն իր պահանջին կամ դուրս կգան։
Լրագրողները տեսախցիկները չանջատեցին, եւ դատավորը կրկին ընդմիջում հայտարարեց փաստաբանների հետ խորհրդակցելու համար։ Րոպեներ անց փաստաբան Լուսինե Սահակյանը դուրս եկավ խորհրդակցական սենյակից եւ տեղեկացրեց, որ միայն Արգիշտի Կիվիրյանին են թույլ տալիս մասնակցել նիստին։
Կիվիրյանը հայտարարեց, որ եթե լրագրողների իրավունքները խախտվում են, ինքը եւ իր փաստաբանները հրաժարվում են մասնակցել դատարանի ապօրինի գործողությանը։ Դատական նիստը շարունակվեց առանց պատասխանող կողմի։
«Մենք հայտարարեցինք, որ պատրաստ չենք նման ապօրինի դատավարությանը մասնակցելու։ Ակնհայտ է, որ սա այն ապօրինության շարունակությունն է, որը սկսվել է ամիսներ առաջ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ նրա քաղաքական հայացքների եւ հասարակական գործունեության համար, եւ դատարանները փաստորեն իրենց պատվերները կատարում են արդեն նաեւ այս եղանակով, որ գոնե ձեւական օրինականությունը չեն ցանկանում պահպանել»,- ասաց Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Արգիշտի Կիվիրյանը կդիմի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ։
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանը ոստիկանությանը մեղադրում է օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի առջեւ նստացույց անելու եւ խոտածածկ տարածքում վրան տեղադրելու պատճառով իրեն բռնությամբ բերման ենթարկելու եւ ոստիկանության Կենտրոնի բաժնում 3 ժամից ավելի ապօրինաբար պահելու համար։ Կիվիրյանը դիմել էր ՀՔԾ, որտեղ մերժել էին նրա հայցը վարույթ ընդունել, որից հետո նա դիմել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան։











